Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը այսօր ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:
Հայկական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ՝ Միրզոյանն ու Բերբոքն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Միրզոյանը ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով պայմանագրի ստորագրման կարևորությունը:
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է ՀՀ կառուցողական մոտեցումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ որպես խաղաղության օրակարգի, ինչպես նաև ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական փոխկապակցվածության խթանման կարևոր բաղադրիչ:
Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով վերջին ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համագործակցության խորացման հեռանկարներին:
«Կան բազմաթիվ գործիքներ, մեխանիզմներ և փաստաթղթեր, որոնք քննարկում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է», - նշել է Միրզոյանը:
Բերբոքն աշխատանքային այցով Հայաստան է ժամանել այսօր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը