Այսօր մեկնարկել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում զորավարժության բացման հանդիսավոր արարողությանը հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։
Զինծառայողներին ողջույնի խոսք են հղել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
Զորավարժությունը կտևի մինչև հուլիսի 24-ը։ Դրանցում ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Ըստ հայկական կողմի՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ, իսկ նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:
Նախորդ հայ-ամերիկյան զորավարժությունն անցած տարվա սեպտեմբերին էր։ Մոսկվան մտահոգիչ էր համարել այդ զորավարժությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է․ ԱՄՆ դեսպան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայ-ամերիկյան զորավարժությունները Հայաստանի սուվերեն որոշումն է». Երևանից արձագանքում են Մոսկվայի մտահոգություններին