Մարգարայի անցակետը վաղվանից տասն օրով կբացվի՝ Սիրիա օգնություն ուղարկելու համար

Հայաստանը Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկում երկրաշարժից տուժած Թուրքիա, 11-ը փետրվարի, 2023թ․

Հայաստանը Մարգարայի անցակետով մարդասիրական օգնություն է ուղարկում երկրաշարժից տուժած Թուրքիա, 11-ը փետրվարի, 2023թ․

Հայաստանը Թուրքիային կապող՝ 32 տարի փակված Մարգարայի կամուրջը վաղվանից տասն օրով կբացվի՝ դարձյալ մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը Մարգարայի անցակետով Սիրիա հումանիտար օգնություն կուղարկի

Կառավարության այսօր ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանը մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկելու։ Այս հարցը չզեկուցվող էր՝ գործադիրի նիստում չքննարկվեց։ Հրապարակված փաստաթղթերից պարզ չէ՝ ինչ մակարդակում է կարճ ժամանակով անցակետը բացելու պայմանավորվածությունը ձեռք բերվել։ Նախագծի հեղինակը վարչապետի աշխատակազմն է, Կառավարությունից, սակայն, մանրամասներ չեն ներկայացնում: Պարզ չէ՝ Անկարան երբ է համաձայնությունը տվել:

«Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար», - ասված է որոշման հիմնավորման մեջ։

Սիրիայում անցած տարի իշխանության եկած ուժը վայելում է Թուրքիայի անթաքույց աջակցությունը:

Հայաստանի կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ, թե կոնկրետ երբ են բեռները տեղափոխվելու, թե կոնկրետ ինչ օգնության ու քանակի մասին է խոսքը։ Հղում կա մեկ այլ որոշման, որը «Վտանգված հայ համայնքներին (Սիրիա, Լիբանան, Իրաք) աջակցության» մասին է:

32 տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ Մարգարայի անցակետը բացվում է հումանիտար բեռների համար։ Նախորդ անգամ 2023-ին բացվեց կամուրջը։ Երևանը 100 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա՝ Ադիյաման քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը 100 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Թուրքիա

Թուրքագետ Նելլի Մինասյանի կարծիքով՝ անցակետի բացումը հայ - թուրքական հարաբերությունների վրա էական ազդեցություն չի ունենա։

«Հայկական կողմը մի քանի անգամ, ըստ էության, հայտարարեց, այդ թվում՝ երբ որ թուրք լրագրողներն էին Հայաստանում, որ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև կա որոշակի կապ, ըստ էության, և անգամ դինամիկ կապի մասին էր խոսում։ Այ սա, իմ կարծիքով, հենց դրա ապացույցն է, և որոշման կայացումն էլ հենց պայմանավորված է այդ երկու գերատեսչությունների համատեղ աշխատանքով», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մինասյանը։

Ըստ թուրքագետի՝ անցակետը բացելու համաձայնությունը պաշտոնական Երևանի ու Անկարայի մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություն է։

«Կարծում եմ, որ դա սահմանափակ ինչ-որ գործողություն է։ Տեսեք, ըստ էության, մեծ հաշվով, ոչ Հայաստանին է վերաբերում, ոչ էլ Թուրքիային, այսինքն՝ երկկողմանի գործընթացի արդյունք չի, այլ վերաբերում է երրորդ երկրին, որի հետ կապված՝ թե՛ Հայաստանը և թե՛ Թուրքիան ունեն, այսպես, ինչ-որ վերաբերմունք, և կոնկրետ բեռների փոխադրման հարցում, իմ կարծիքով, կա համընկնում իրենց տեսակետների։ Դրա համար երկու կողմը համաձայնել են սահմանափակ՝ տասն օրով բեռների փոխադրման համար, և դա չեմ կարծում, որ այս փուլում կհանգեցնի լուրջ ինչ-որ գործընթացի, որ անցակետը բաց մնա, կամ այլ ինչ-որ գործընթաց տեղի ունենա», - ասաց Նելլի Մինասյանը։

Հայ և թուրք բանագնացները դեռ 2022-ի հուլիսին Վիեննայում՝ չորրորդ հանդիպման ժամանակ էին պայմանավորվել բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկուսուկես տարի անց պարզ չէ, թե երբ իրականություն կդառնա այդ պայմանավորվածությունը։

Պաշտոնական Անկարան բազմիցս է հայտարարել՝ սահմանը կբացվի հայ - ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Այսօրվանից «Մարգարայի» անցակետում ծառայությունն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահ զորքերըԵՄ երկրների դեսպաններն այցելել են Մարգարայի անցակետԵրևանն Անկարայից քաղաքական կամք է ակնկալում. Ռուբինյան«Հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում սահմանը կբացվի»․ Ֆիդան«Երբ քաղաքական որոշումը լինի, պատրաստ կլինենք սպասարկելու». ՊԵԿ նախագահը՝ Մարգարայի անցակետի շահագործման մասին