Այս տարվա հունվարի, փետրվարի ու մարտի առաջին տասնօրյակի տվյալներով՝ տրանսպորտի միասնական համակարգով 2.5 մլրդ դրամից ավելի տոմս է վաճառվել կամ ավելի քան 17 մլն տոմս: Այս թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը, քաղաքապետարանի գրոծակարգավարականի ընթացքում հայտարարեց «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Քաղաքային իշխանությունները պարբերաբար նշում էին, որ օրը մի քանի անգամ տրանսպորտից օգտվողների համար ձեռնտու է 9000 դրամանոց տոմսը գնել ու անսահմանափակ երթևեկել: Պաշտոնյաների այս առաջարկը կարծես այնքան էլ չի ոգևորել ուղևորներին, մեծ մասը գերադասել է 45 օրվա ընթացքում 10 ուղևորությունից օգտվել՝ վճարելով՝ 1500 դրամ:
«Ամենապոպուլյար տոմսը 10 ուղևորության տոմսն է, հաջորդիվ գալիս է 30 օր տոմսը, այնուհետ՝ 180 րոպեն և այդպես շարունակ», - ներկայացրեց Մանուկյանը:
Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հետևել է քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարականին: Ասաց՝ այս վիճակագրությունից կարելի է ենթադրել, որ մարդիկ ուղղակի հնարավորություն չունեն 9000 դրամանոց տոմսեր գնելու: Ըստ նրա, իրական պատկերը տեսնելու համար քաղաքային իշխանությունը պետք է համեմատելի տվյալներ հրապարակեր, թե չէ այսպես ոչինչ չի հասկացվում:
«Դու կարող ես նախորդ մեկ շաբաթը նախանցած մեկ շաբաթի հետ համեմատել, նախորդ երկու շաբաթը նախանցած երկու շաբաթի հետ համեմատել, որպեսզի դու հասկանաս ուղևորափոխադրումների ռեալ թիվը, շան գլուխը թաղված է ուղևորափոխադրումների ռեալ թվի մեջ, ոչ թե փաթեթների ձեռքբերման մեջ: Ուղևորափոխադրումների ռեալ թիվն է միայն տալիս ինքնարժեքի հիմքը, այսինքն, այդ առումով իրենք շարունակում են վիճակագրությունը կոծկել», - նշեց Սուքիասյանը:
Այսօր հրապարակված տվյալներով՝ ուղևորների զգալի մասը՝ 75 տոկոսը տոմսի համար վճարել է QR կոդով՝ բջջային ու թղթային տարբերակներով, 16 տոկոսը՝ բանկային քարտերով ու միայն 9 տոկոսն է օգտվել քաղաքապետարանի տրանսպորտային քարտերից:
Մարդիկ ամենաշատն օգտվել են ավտոբուսներից, հետո մետրոյից ու տրոլեյբուսներից: Իսկ ամենածանրաբենռված ուղղությունները հետևյալն են. - «Առավել պոպուլյար երթուղի ավտոբուսներում համարվում է 1-ին համարը, 3-րդ համարը, 97, 99: Մոտրոպոլիտենի կայարանների մասով՝ Երիտասարդական, Հանրապետության հրապարակն ու Գարեգին Նժդեհ: Տրոլեյբուսի մասով՝ 10 համար, 2-րդ»:
Փաթեթային տոմսեր գնածներից 29 տոկոսն են արտոնություններից օգտվել, 7 տոկոսը՝ զեղչով, 22 տոկոսը՝ անվճար տարբերակներից: Զեղչերից օգտվում են ուսանողները, դպրոցականները, նպաստառուներն ու թոշակառուները: Իսկ անվճար են երթևեկում 0-7 տարեկան երեխաները, 8-18 տարեկան ծնողազուրկ դպրոցականները, ծնողազուրկ ուսանողները, հաշմանդամության խորը, առաջին, երկրորդ խմբերում ընգրկված մարդիկ, մանկատանն ու ծերանոցներում ապրողները, ազգային հերոսները և 4-ից ավելի երեխաներ ունեցողները:
«Մարդիկ միևնույնն է դեռ երթևեկում են գերծանրաբեռնված տրանսպորտով»
Ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանն ասում է՝ անվճար, զեղչով, թե վճարովի, մարդիկ միևնույնն է դեռ երթևեկում են գերծանրաբեռնված տրանսպորտով:
«Առավոտյան և երեկոյան ժամերին մարդն իրենց գովերգած տոմսը ձեռքին կանգառում կանգնած կես ժամ, 40-45 րոպե կարող է սպասել, տրանսպորտը գա, ինքը մոտենա, չկարողանա նստի», - նշեց Սուքիասյանը:
Քաղաքապետարանի այսօր հրապարակած վիճակագրությունն ի՞նչ է տալիս ուղևորներին, որոնցից շատերը հատկապես աշխատանքային պիկ ժամերին դեռ կանգառներում երկար են սպասում իրենց տրանսպորտին, հետո էլ դժվարությամբ մի ոտքի տեղ գտնում:
«Սա մեզ հնարավորություն է տալիս, հաշվի առնելով տարբեր գծերի ծանրաբեռնվածությունը, որոշակի վերադասավորումներ կազմակերպել ու ավելի թերբեռնված գծերից ավելի բեռնված գծեր որոշակի շարժակազմի տեղափոխություններ իրականացնել», - ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ի դեպ, տոմսային այս նոր համակարգի ներդրման շրջանակներում քաղաքապետարանը պատրաստվում է վերահսկողական գործառույթ տրամադրել հասարակական կարգի պահպանության ծառայությանը:
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, թե ինչ փուլում է այդ գործընթացը. - «Համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է, մեկ անգամ քննարկվել է արդեն նախարարական կոմիտեում, դրվել հանրային քննարկման, երկուշաբաթյա ժամկետը կլրանա հաջորդ երկուշաբթի օրը, եթե չեմ սխալվում, ամփոփվելուց հետո կներկայացվի Ազգային ժողով»:
Քաղաքապետարանն արդեն տրանսպորտի համար չվճարող ուղևորներին տուգանելու նախագիծ է մշակել, առաջարկում են 15 հազար դրամ տուգանք սահմանել, իսկ եթե արտոնություն ունեցող քաղաքացու զեղչված կամ անվճար փաթեթով այլ անձ երթևեկի, տուգանքի չափն ավելի մեծ կլինի՝ 18 հազար դրամ:
Ըստ այդ նախագծի՝ ուղևորները պարտավոր կլինեն տրանսպորտ նստելուց անմիջապես հետո՝ մեկ րոպեի ընթացքում վալիդատորների միջոցով վավերացնել իրենց տոմսն ու մինչ ուղևորության ավարտն իրենց մոտ պահել, որ եթե հսկիչը պահանջի, ցույց տան: Հսկիչները կկարողանան նաև տեսաձայնագրություններ անել չվճարող քաղաքացիներին նույնականացնելու համար: Թե երբ նախագիծը կսկսի գործել, դեռ հայտնի չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի քաղաքապետարանը մտադիր է տրանսպորտի համար չվճարող ուղևորներին տուգանել 15 հազար դրամով