Բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են

Ցուցարարները Ժուռնալիստների միության շենքի մոտ, 14-ը մայիսի, 2024թ․

16։36

Ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ այսօրվա բողոքի ակցիաների 63 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին նաև, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

12։00

Բագրատ սրբազանը հասել է Ժուռնալիստների միություն։ Այստեղ նաև կարմիրբերետավորներ կան։

Սրբազանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ու լրագրողները բարձրացան միություն։

Հանդիպում Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի հետ, 14-ը մայիսի, 2024թ․

Հավաքվածները սպասում են նրանց դրսում։

11։47

Երթի մասնակիցները շարժվում են դեպի Ժուռնալիստների միություն։

Բագրատ արքեպիսկոպոսը երեկ հանրավահաքի ժամանակ հայտարարեց, որ այսօր գնալու են նաև Ժուռնալիստների միություն՝ շնորհակալություն հայտնելու լրագրողներին աշխատանքի համար։

10։44

ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանն իջավ ու հանդիպեց ցուցարարների հետ։ Նա հերքեց Բագրատ սրբազանի երեկվա հայտարարությունը, թե այսօր ինքը ժողով է հրավիրել բուհի դեկանների հետ՝ հանձնարարելու նշել բոլոր ուսանողների բացակայությունները։

Սրբազանը երեկ Սուրբ Աննա եկեղեցու բակում, հանրահավաքի ժամանակ, հայտարարեց, թե տեկություններ կան, որ Ասրիյանը հանձնարարել է շատ բացականեր ունեցող ուսանողներին նկատողություն հայտարարել ու ամեն գնով դադարեցնել դասադուլը։ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից», - պրոռեկտորի խոսքերը մեջբերեց սրբազանը՝ միևնուն ժամանակ շեշետելով՝ չի կարող ասել, թե որքանով են ստույգ այս տեղեկությունները։

10։26

Երթի մասնակիցներն արդեն ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ են։

Ցուցարները ԵՊՀ մոտ դիմավորեցին երթը պարելով։

Your browser doesn’t support HTML5

Ցուցարարները ԵՊՀ-ի մոտ դիմավորեցին երթը պարելով

10։10

Ժամը 10-ի դրությամբ բողոքի ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։

09։53

Հանրապետության հրապարակից մեկնարկել է երթը դեպի Երևանի պետական համալսարան։ Մասնակիցները նախ կանգ առան Մանկավարժական համալսարանի մոտ՝ կոչ անելով միանալ երթին։

Շարջումն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանն էր երեկ հայտարարել, որ այսօր առավոտյան՝ ժամը 10-ին շարժվելու են ԵՊՀ՝ ողջունելու ուսանողներին։

09։49

Հրմշտոց, քաշքշոց ոստիկանների ու ցացարարների միջև․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։

Your browser doesn’t support HTML5

Հրմշտոց, քաշքշոց․ ոստիկանները բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին

09։22

Աբովյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հատվածում, ոստիկանությունն ուժ կիրառեց և բերման ենթարկեց ցույցի մասնակիցներին։

09։00

Առավոտվանից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիաները Երևանում։

Ցուցարարներն իրազեկման երթ են անցկացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ մայիսի 9-ից ակցիաներ, հանրահավաքներ ու ցույցեր է անում, պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։

Շարջումն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը երեկ հայտարարեց, որ այսօր առավոտյան՝ ժամը 10-ին շարժվելու են ԵՊՀ՝ ողջունելու ուսանողներին։ Սրբազանը նաև տեղեկացրեց, որ պետական համալսարանից հետո այցելելու է Հայաստանի ժուռնալիստների միություն՝ շնորհակալություն հայտնելու լրագրողներին աշխատանքի համար, լինելու է Գարեգին Նժդեհի անվան կայարանում՝ տեսնելու, թե ինչպես են մարդիկ այնտեղ։ «Ճնշումը պետք է մեծացնել», - ասաց սրբազանը։

Երեկ առավոտից ցուցարարները փողոցներին էին փակում թե՛ Երևանում, թե՛ մարզերում։ Այդ անհնազանդության ակցիաների ժամանակ 171 մասնակից բերման ենթարկվեց՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Երեկոյան բոլորն արդեն ազատ էին արձակվել։

Իշխանությունները շեշտում են, որ այս հավաքները փորձ են՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արգելափակված ճանապարհներ Երևանում ու մարզերում. բերման ենթարկվածների թիվն անցել է 170-ը