Պաղեստինի փախստականների օգնության ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալությունն (Unrwa) այսօր հայտնել է իսրայելի հարվածի հետևանքով իր 6 աշխատակիցների զոհվելու մասին։
«Զոհվածների թվում են Unrwa-ի ապաստարանի մենեջերը և թիմի այլ անդամներ, որոնք օգնություն էին ցուցաբերում տեղահանվածներին», - նշված է հաղորդագրությունում։
Պատերազմի սկզբից ի վեր մեկ առանձին միջադեպում սա ՄԱԿ- աշխատակիցների ամենամեծ զոհերի թիվն է։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, թե՝ ինչ կատարվում է Գազայում բացարձակապես անընդունելի է։ «Միջազգային մարդասիրական իրավունքի այս դրամատիկ խախտումները պետք է դադարեցվեն՝ հիմա»,- X սոցցանցում գրել է Գուտերեշը։
«Համաս»-ի վերահսկողության ներքո գտնվող Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հաղորդում է, որ փախստականների ճամբարի դպրոցի շենքին Իսրայելի ավիահարվածի հետևանքով ընդհանուր 18 մարդ է զոհվել։
Իսրայելի օդուժը հարվածել է Ալ-Ջաունի դպրոցի շենքին, որտեղ տեղակայված էր ՄԱԿ-ի օգնության տեղական կազմակերպությունը։
Սակայն Իսրայելի բանակը պնդում է, որ դպրոցի շենքում գտնվում էին «Համաս»-ի գրոհայինները, որոնք հարձակումներ էին պլանավորում։ Օդուժը ճշգրիտ հարված է հասցրել ահաբեկիչներին, միջոցներ ձեռնարկելով, որ քաղաքացիական անձինք չտուժեն, պնդում է Իսրայելի բանակը։
Անցած 11 ամիսների ընթացքում սա Իսրայելի կողմից 5-րդ հարվածն է Գազայի հատվածի դպրոցների շենքերին։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Համաս»-ը հերքում է դպրոցների շենքերն օգտագործելու Իսրայելի պնդումները։
Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած վերջին միջադեպից ժամեր առաջ Unrwa-ն հայտնել էր, որ պատերազմի ընթացքում իր աշխատակիցներից 214-ը զոհվել են, ինչպես նաև առնվազն 563 տեղահանվածներ, որ ապաստանել էին Unrwa-ի դպրոցների շենքերում, կամ այլ օբյեկտներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 97 վիրավորներ ու ծանր հիվանդներ Գազայի հատվածից տեղափոխվել են Աբու Դաբի