Մակրոնը հույս է հայտնել, որ «Ռեալը» թույլ կտա Մբապեին Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել Օլիմպիական խաղերին

Կիան Մբապեն

Ֆրանսիայի նախագահ Էմանույել Մակրոնը այսօր հույս է հայտնել, որ Մադրիդի «Ռեալը» թույլ կտա Ֆրանսիայի ֆուտբոլի աստղ Կիան Մբապեին մասնակցել Փարիզի օլիմպիական խաղերին։ Այս մասին նա ասել է X սոցցանցում հրապարակած տեսանյութում։

Մբապեն հիմա հանդես է գալիս Ֆրանսիայի չեմպիոն «Պարի Սեն ժերմենում», բայց նա ասել է, որ մրցաշարի վերջում հեռանալու է թիմից։ Ակնկալվում է, որ աշխարհի ֆուտբոլի գավաթակիր, Ֆրանսիայի հավաքականի ավագ Մբապեն հանդես է գալու Մադրիդրի «Ռեալի» կազմում։

Իսպանական թիմն ավելի վաղ ասել էր, որ ակումբի հանդեպ ֆուտբոլիստների պարտավորությունները Օլիմպիական խաղերի ժամանակ չեն վերացնելու, քանի որ Օլիմպիական խաղերում ֆուտբոլային մրցաշարը ՖԻՖԱ-ի միջազգային մրցաշարերի մեջ չի մտնում, որի դեպքում ակումբները պարտավոր են լեգիոներներին թույլատրել խաղալու իրենց ազգային հավաքականների կազմում։

Ֆուբոլիստն ինքը անցած շաբաթ ասել էր, թե Օլիմպիական խաղերի մասին «շատ չի մտածում»։