«Մեդիան մեզ մոտ դարձել է մի հատ մեծ աղբանոց, ով ինչ ուզում՝ խոսում է», - այս խոսքերի հեղինակը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանի մեդիադաշտը աղբանոց է պիտակավորում, քանի որ նրան դուր չի եկել «Սիվիլնեթ»-ի և միջազգային հեղինակավոր կազմակերպության՝ OCCRP-ի համատեղ հետաքննությունն իր ընտանիքի հետ կապված բիզնեսների մասին։
Ավինյանը երեկ բորբոքվեց Factor թիվիի տաղավարում՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավիճելիս։
«Ձեր սիրելի «Սիվիլնեթ»-ը, որ հոդված է գրում, և արդեն դատական հայցը կա ու հորս էլ հորդորել եմ, որ այս սուտ հոդվածի բերումով դատական հայց ներկայացնի։ Իմ հայրը, իմ ընտանիքի որևէ անդամ երբևէ որևէ պաշտոն չեն զբաղեցրել», - ասել է Ավինյանը:
Հայաստանյան լրատվամիջոցի ու միջազգային նախագծի համատեղ հետաքննությունն այն մասին է, որ Ավինյանի կարիերային զուգահեռ բարգավաճել են ընտանեկան բիզնեսները։
Տիգրան Ավինյանի պահվածքը, խոսքերն անհամատեղելի են բարձր պաշտոնի հետ, կարծում է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ղեկավար Շուշան Դոյդոյանը։ Քաղաքապետն անհարմար վիճակից կարող էր դուրս գալ հակափաստարկներով, ոչ թե լրատվամիջոցներին թիրախավորելով ու պիտակավորելով, ասում է փորձագետը։ Լրատվամիջոցներն իրենց պարտականությունն են կատարում։
«Բարձրաստիճան պաշտոնյաները, Երևանի քաղաքապետը պարտավոր են դրսևորել հանդուրժողականություն հանրային քննադատության հանդեպ։ Լրագրողները գործել են բացարձակապես իրենց պարտականությունների, առաքելության շրջանակում», - ասաց Դոյդոյանը։
Բանավեճը վարող լրագրողի միջամտությունից հետո միայն Տիգրան Ավինյանը խոսքերը խմբագրեց, թե ոչ բոլոր լրատվամիջոցներին նկատի ունի՝ աղբանոց ասելով։
«Մենակ պարոն Ավինյանը իր բիզնես կլասի տոմսի համար ծախսել է 7 միլիոն 650 հազար դրամ» - երեկ հայտարարել է Հակ Մարությանը:
Իսկ ի՞նչ խոսքերով Տիգրան Ավինյանը կպիտակավորեր այն պաշտոնյային, որ հարկատուների հաշվին Երևանից Լոս անջելես կհասներ բիզնես դասի՝ 20 հազար դոլարանոց ավիատոմսով։
«Տոմսերի հարցով քաղաքապետը չի զբաղվում», - արձագանքել է նա:
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի վերջին շաբաթն անցկացրել էր Լոս Անջելեսում։ Ըստ քաղաքապետարանի՝ ողջ ուղևորության համար պետբյուջեից հատկացվել է 26 միլիոն 148 հազար դրամ։ 12,5 միլիոնը ծախսվել է տոմսերի համար։ Միայն 7 միլիոն 650 հազար դրամով բիզնես դասի տոմս են գնել քաղաքապետի համար, որ հպարտանում է՝ սեփական մեքենայով է աշխատանքի գնում։ Մնացած շուրջ հինգ միլիոնով էլ գնել են ութ տոմս պատվիրակության մյուս անդամների համար։
Տիգրան Ավինյանը խոստովանեց 7,5 միլիոնով իր համար ավիատոմս գնելը սխալ է։ Բայց ո՞ւմ սխալն է, չկոնկրետացրեց, արդարացավ՝ ավիատոմսերի գնումներով ինքը չի զբաղվում:
Պաշտոնյայի անձնական կոմֆորտի համար հարկատուների հաշվին այդ շռայլ ծախսը համայնքային բյուջեի վատնում է, ասում է «Թրանսփաենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը։ Վարչապետ Փաշինյանը խոսում է բյուջեի ծախսերը խնայելու, կրճատելու մասին, բայց գործնականում հակառակ պատկերն է, շեշտում է Վարուժան Հոկտանյանը։
«Հիմա ավելի շատ խոսքի ու գործի տարբերությունն է, այսինքն, մի բան ասում են, լրիվ այլ բան անում են», - ասաց Հոկտանյանը:
Սա Ավինյանի միա՞կ թանկարժեք ուղևորությունն է, ովքե՞ր են զբաղվել քաղաքապետի տոմսով և ի՞նչ է պատահել նրանց հետ, երբ Ավինյանն իմացել է իր համար ահռելի գումար են ծախսել պետական բյուջեից։ Պատժե՞լ է բյուջեն վատնած աշխատակիցներին, քաղաքապետարանից մեր այս հարցերին խոստացել են պատասխանել ու դեռ չեն արձագանքել։