Լոս Անջելեսը լայնածավալ հրդեհների մեջ է. հայաբնակ բնակավայրերից հայերը տարհանվել են

Հրեշտակների քաղաքը 6 լայնածավալ հրդեհների մեջ է։ Պաշտոնական աղբյուրները հայտնում են 5 զոհի մասին։ 140 հազար մարդ տեղահանվել է։ Լոս Անջելեսի հայաբնակ բնակավայրերից՝ նախևառաջ Փասադենայից, հայերը տարհանվել են։ Այստեղ մոխրացել է Սահակ Մեսրոպ հայկական վարժարանը, այս մասին սոցցանցի իր էջում տեղեկացնում է ամերիկահայ Հովհաննես Հալաջյանը

Հրդեհները դեռ անկառավարելի են, երկու հազար շենք է այրվել, կրակը երեկվանից հասել է Հոլիվուդի բլուրներին։ Թանձր ծուխ է Գլենդելի երկնքում, տեղի հայերը պատմում են՝ պատուհանները փակ են պահում և ամեն վայրկյան սպասում ազդանշանի։

Լոս Անջելեսի տարբեր քաղաքներում հայկական համայնքը ինքնակազմակերպվել ու ապաստարաններ են ձևավորել տեղահանվածների համար, բաց են նաև հայկական եկեղեցիների դռները։ Սա շրջանի պատմության ամենաավերիչ հրդեհն է։ Այն, ըստ շրջանի հրշեջ խմբի ղեկավար Քրիստին Քրոուլիի, բռնկվել է պատահաբար, մի տան հետնաբակում։ Այդ կայծը հասել է շրջանի ամենագեղատեսիլ առափնյա վայրեր, որտեղ երևելիների առանձնատներն են, նաև տուրիստական ուղղություններ:

Պակիստանցի Ջահան Սայիբը իր ձախողված շրջագայության հոգսը չի քաշում, այլ այն մարդկանց, որոնց աչքի առջև մոխրանում են սեփական առանձնատները. - «Իրական մարդիկ են այստեղ, որ անցնում են իրական դժվարություններով, կորցնում են իրենց հագուստը, կյանքը, ընտանիքը, լուսանկարները, այն ամենն, ինչ ունեին»:

Փորձագետներն արդեն իսկ նախնական գնահատականներ ունեն՝ հրդեհը շուրջ 60 միլիարդ դոլարի վնաս է արդեն հասցրել և շարունակությունն էլ դեռ հայտնի չէ՝ քամիները շարունակվում են, խոնավությունը մնում է ցածր, հրդեհի ուժգնությունը չի նվազում։ Այս կրակը թեժացրել է Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Թրամփի ու Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի հակամարտությունը: Թրամփը նահանգապետին է մեղադրում ոչ միայն աղետի կառավարումը ձախողելու հարցում, այլև նահանգն առանց ջրի թողնելու համար, ըստ Թրամփի, մի փոքրիկ ձկան պատճառով:

«Շատ տխուր է, որովհետև ես փորձում էի Նյուսոմին համոզել՝ թույլ տար, որ ջուր մտնի։ Դուք ահագին ջուր կունենայիք, բայց նրանք այդ ջրերն ուղարկեցին Խաղաղ օվկիանոս, որովհետև փորձում էին պաշտպանել մի փոքրիկ ձկան, որ մանուշակաձուկ է կոչվում։ Այսօր Լոս Անջելեսի հրշեջ մեքենաներում ջուր չկա, սարսափելի է», - հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Սա կառավարություն չէ», - դժգոհ է Թրամփը և անհամբեր սպասում է հունվարի 20-ին, երբ կսկսի ինքը պաշտոնավարել։ Կալիֆորնիայի նահանգապետը CNN-ի հետ զրույցում այս ամենն անվանել է աղետի քաղաքականացում։ «Ասելիք ունեմ, բայց չեմ ասի», - նշել է Նյուսոմը։

Իսկ Միացյալ Նահանգների գործող նախագահը պաշտոնավարման իր ժամկետի վերջին օտարերկրյա այցը հետաձգել է, Հռոմի պապին չի հանդիպի այս աղետի պատճառով։ Հրդեհները, որ Փելիսեյդ, Իթըն, Սանսեթ, Լիդիա անուններն ունեն, դեռ մոլեգնում են և թուլանալու նշաններ չկան։ իրավիճակը չեն մեղմում նույնիսկ Պենտագոնի ուղարկած 10 ուղղաթիռները:

Անտառային հրդեհները Կալիֆորնիայում