Լոս Անջելեսում զոհերի թիվը հասել է 10-ի. Reuters

Լոս Անջելեսում զոհերի թիվը հասել է 10-ի, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձագետին:

Շրջանի շերիֆ Ռոբերտ Լունան ավելի վաղ մամուլի ասուլիսում չէր ցանկացել հստակ թիվ նշել, քանի որ, ըստ նրա, թիվը կարող է աճել։

Նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի օրը խոստացել է, որ կառավարությունը 180 օրվա ընթացքում կփոխհատուցի վերականգնման ծախսերի 100 տոկոսը: «Ես ասել եմ նահանգապետին և տեղական պաշտոնյաներին, որ խնայողություններ չանեն՝ անհրաժեշտը կատարելու և այս հրդեհները զսպելու համար», - ասել է Բայդենը Սպիտակ տանը ավագ խորհրդականների հետ հանդիպումից հետո:

ABC News-ն էլ հայտնում է, որ Լոս Անջելեսում շարունակվող հրդեհների պատճառով ավելի քան 180 հազար մարդու տարհանման հրաման է տրվել:

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ևս չեղարկել է իր արտասահմանյան այցը Սինգապուր, Բահրեյն և Գերմանիա, ասվում է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ։

Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էր չեղարկել նախագահի պաշտոնում իր վերջին արտասահմանյան այցն Իտալիա:

Հայաստանի ԱԳՆ-ը X-ի էջում տարածած հայտարարությունում նշել է. - «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերից: Մեր ցավակցությունն ենք հայտնում կորսված մարդկային կյանքերի համար: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:

Կալիֆորնիայում անտառային հրդեհներ են մոլեգնում հունվարի 7-ից։ Այն համարվում է նահանգի պատմության մեջ ամենաավերիչներից մեկը։ Հրդեհի արագ տարածման պատճառ են դառնում ուժգին քամիներն ու ցածր խոնավությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոս Անջելեսը լայնածավալ հրդեհների մեջ է. հայաբնակ բնակավայրերից հայերը տարհանվել են