Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե խոշոր քաղաքի քաղաքապետերանի շենքին իսրայելական երեկվա ավիահարվածներից 16 մարդ է զոհվել, այդ թվում՝ քաղաքապետը, հաղորդում է Reuters-ը։
Իսրայելական օդային հարվածների մեկնարկից ի վեր սա ամենամեծ հարձակումն է Լիբանանի պետական ենթակառուցվածքին։
Հաղորդվում է նաև ավելի քան 50 վիրավորի մասին։
Լիբանանի պաշտոնյաները դատապարտել են միջադեպը՝ շեշտելով, որ Իսրայելի արշավը «Հեզբոլա»-ի զինված խմբավորման դեմ այժմ տեղափոխվում է լիբանանյան պետության տարածք։
Իսրայելցիները «դիտավորյալ թիրախ են դարձրել քաղաքային խորհրդի նիստը՝ որը քննարկում էր իսրայելական հարձակումների հետևանքով տեղահանված մարդկանց օգնելու հարցը», - հայտարարել է ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթին:
Իսրայելն առաջին անգամ հոկտեմբերի 3-ին էր Նաբաթիեի տասնյակ հազարավոր բնակիչներին տարհանելու մասին ծանուցում ուղարկել: Այդ ժամանակ քաղաքի քաղաքապետ Ահմեդ Քահիլը Reuters-ին ասել էր, որ չի պատրաստվում հեռանալ:
Իսրայելը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Նաբաթիեում «Հեզբոլա»-ի տասնյակ թիրախներին։
Իսրայելը հարվածեց Լիբանանում «Հեզբոլա»-ի թիրախներին 2023-ի հոկտեմբերի 7-ից մեկ տարի անց, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից անսպասելիորեն հարձակվեցին հրեական խաղաղ ավանների վրա: ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի գրոհների հետևանքով սպանվել է մոտ 1200 իսրայելցի, ևս ավելի քան 250 իսրայելցի պատանդառվել է:
Ըստ պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության՝ Գազայի հատվածում իսրայելան ռազմական գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 41 հազարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոտ մեկ շաբաթվա դադարից հետո իսրայելական ուժերը դարձյալ հարվածել են Բեյրութի ուղղությամբ