Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի հրադադարի հասնել՝ վերջ դնելով Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև բախումներին, հաղորդում է Reuters-ը:
Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ում թեժ քննարկումներից հետո, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի քանի դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և Լիբանանի սահմանին, ինչպես նաև աջակցություն են հայտնել Գազայի հատվածում կրակի դադարեցմանը։
Միկատին ողջունել է հրադադարի կոչը, սակայն հավելել, որ կրակի դադարեցման բանալին Լիբանանի սահմանին զորքերը մոտեցնող Իսրայելի հավատարմության աստիճանն է միջազգային բանաձևերի կիրարկմանը: Reuters-ի հարցին, թե շուտով հնարավո՞ր է հրադադարի հաստատում, Լիբանանի վարչապետը պատասխանել է. - «Հուսանք՝ այո»:
Հրադադարը կողմերին թույլ կտա բանակցել հակամարտության հնարավոր դիվանագիտական լուծման ուղղությամբ, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:
Լիբանանի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Ժանին Հեննիս-Պլասհարտը ևս ողջունել է անհապաղ 21-օրյա հրադադարի կոչը:
Լիբանանյան «Հեզբոլա» զինված խմբավորման հետ 2006-ին հինգ շաբաթ տևած ավերիչ հակամարտությունից ի վեր Իսրայելն ամենամահաբեր ռմբակոծությունն է իրականացրել Լիբանանում։ Փորձագետները նշում են, որ սեպտեմբերի 23-ին Իսրայելի հարձակումները, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել, Իսրայելի և նրա վաղեմի թշնամու՝ «Հեզբոլա»-ի միջև նոր պատերազմի սկիզբն են նշանավորում: