Ի տարբերություն Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հնարավորություն ո՛չ արցախցիները, ո՛չ հայաստանյան իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչներն այսօր չեն տեսնում։
Իրենց տները լքած Լեռնային Ղարաբաղի բնակչության վերադարձի ուղղությամբ Բաքուն կառուցողական քայլեր է անում, վերադարձի հնարավորությունը կար ու հիմա էլ կա, եթե մարդիկ շահագրգռված են պահպանել իրենց տներն ու հայրենի վայրերը, պետք է օգտվեն դրանից… Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակը երեկվա ճեպազրույցում 100 հազար տեղահանված արցախցիների հայրենադարձության որևէ խոչընդոտ չտեսավ, իսկ Լեռնային Ղարաբաղի մասին խոսելով հատուկ շեշտեց, որ «խոսքն Ադրբեջանի տարածքի մասին է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովայի հավաստմամբ՝ Արցախ փախստականների վերադարձը հնարավոր է«Իհարկե, ցանկացած արցախցու երազանքը, ցանկությունը միանշանակ է՝ վերադառնալ Արցախ, բայց կա այդտեղ մի գլխավոր պայման, որ երբևէ դա չի կարող լինել ադրբեջանցու ներկայությամբ, նույնիսկ հարևանությամբ՝ մոտ հարևանությամբ», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Նա ասաց՝ ցավով է վերաբերվում Ադրբեջանի կառուցողական լինելու մասին հայտարարություններին։
Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ռուսաստանից հնչած հայտարարությունը չի հասկանում։ Որ Բաքուն կառուցողական չէ, ըստ նրա, փաստերն են աղաղակում։
«Խոսքը որևէ պայմաններում չպետք է գնա 3 հազար, 5 հազար, կամ թեկուզև 10 հազար մարդու վերադարձի մասին, և արցախցիների այնտեղ անվտանգության ապահովման, զարգացման թեման պետք է լինի հստակ մշակված մեխանիզմների հիման վրա, որպեսզի նրանց վերադարձը հետագայում նոր ցեղասպանության չհանգեցնի: Շատ կարևոր է, որպեսզի հարցը մնա բաց: Այս տեսանկյունից, երբ որ ինքը պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը ինքը չի պայքարում թեման օրակարգում պահելու համար, բնականաբար, այստեղ խնդիրները շատ մեծ են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:
Ինչո՞ւ Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում արցախցիների վերադարձի հարցը։ Իշխանական պատգամավոր Լիլիթ Մինասյանի խոսքով՝ վերադարձն իրատեսական չեն համարում. - «Լեռնային Ղարաբաղի հայրենակիցների հետ շփվում ենք, և այդ մարդիկ իրենք են ասում, որ այս պայմաններում՝ Ադրբեջանի իշխանությունների ներքո, ամբողջ տարածքը նրանց տիրապետության տակ, չեն կարող, անվտանգության խնդիրներից ելնելով՝ չեն կարող վերադառնալ: Եվ կարծում եմ՝ նույնը տեսնում էր տիկին Զախարովան, պետք է որ տեսներ, համենայն դեպս, անցյալ տարվա սեպտեմբերին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լայվ բլոգ«Ի՞նչ գործառույթներ ունեին խաղաղապահները, արդյո՞ք Փառուխը հանձնելու գործառույթներն էր նրանց տրված, թե՞ Լաչինի միջանցքում էկոակտիվիստների գտնվելու գործառույթներն էր նրանց տրված: Ո՞ր գործառույթներն էր պետք իրականացնել խաղաղապահները, որպեսզի Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները չունենային այն անվտանգային խնդիրները, որը ունեին», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մինասյանը:
Ղարաբաղի կորստի համար Ռուսաստանը Հայաստանի իշխանությանն է մեղադրում, հայաստանցի պաշտոնյաները՝ Մոսկվային։ Ռուս պաշտոնյաները պարբերաբար Պրահայում 2022 թվականին Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչելն են հիշեցնում, հայաստանցիները՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների անգործությունը Ադրբեջանի հարձակման ժամանակ։
«Ռուսաստանի Դաշնությունը առնվազն պետք է պատասխան տա մի քանի հարցերի՝ ինչի՞ համար էր տեղակայված այնտեղ խաղաղապահ զորախումբը, ինչը չի կատարել Ռուսաստանի Դաշնությունը, և դրանից հետո նոր խոսել, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, անելանելիությունից դրդվելով, որ քայլերին և որ հայտարարություններին են դիմել», - շեշտեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը:
Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցերը նախ Հայաստանին են ուղղված, նոր՝ Ռուսաստանին։ Ասում է՝ ռուս խաղաղապահների վարքագծի փոփոխություն են զգացել Պրահայի հայտարարությունից հետո։
«[Խաղաղապահները] մեղք ունեին այնքանով, որքանով որ, այո, եռակողմ հայտարարության կողմ էին, կողմ, թեկուզև միջնորդ կողմ, այսինքն՝ էդտեղ կար պարտավորություններ: Եվ ես վստահ եմ, որ դեռևս կան բացահայտումներ, որոնց մասին մենք իմանալու ենք՝ այնպես, ինչպես, օրինակ, մի անգամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը հայտարարեց իր առաջարկների մասին՝ պատերազմը կանգնեցնելու, որը կոնկրետ հոկտեմբերի 10-ին մերժել էր հենց Հայաստանի Հանրապետության ղեկավարը», - նշեց Հակոբյանը:
Հայտնի չէ՝ Զախարովան ինչ նկատի ուներ, երբ վերադարձի ուղղությամբ Բաքվի քայլերը կառուցողական էր որակում։ Մեկ տարուց ավելի է անցել Ադրբեջանի «Հայերի վերաինտեգրման» ծրագրի հրապարակումից, բայց Բաքուն հրաժարվում է թվեր տրամադրել՝ քանի հայ է ցանկացել այդ ծրագրի շահառու դառնալ և ապրել Ալիևի ռեժիմի ներքո։ Արցախում հատուկենտ հայեր են մնացել՝ մոտ մեկ տասնյակ։ Հայտնի չէ անգամ՝ արդյոք նրանք դարձել են այդ ծրագրի շահառու, թե՝ ոչ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայերի վերաինտեգրման» ծրագրի հրապարակումից մեկ տարի անց էլ Բաքուն չի բացահայտում, թե քանի հայ է ցանկացել վերադառնալ ԱրցախԱմենամեծ խնդիրը, որ թե՛ տեղահանված արցախցիները, թե՛ միջազգային տարբեր իրավապաշտպաններ տեսնում են, անվտանգությունն է։ Մինչ ադրբեջանցիները ամենաբարձր մակարդակով հայերի իրավունքների պաշտպանություն էին խոստանում, Լեռնային Ղարաբաղում եկեղեցիներ էին վնասում, մայրաքաղաք Ստեփանակերտում իշխանությունը հողին էր հավասարեցնում Ազգային ժողովի շենքը, իսկ Ալիևը ցուցադրաբար քայլում էր Արցախի դրոշի վրայով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մահեր գաղթի ճանապարհին․ Արցախի վերջին օրերի վերջին զոհերը