Լևոն Զուրաբյանն արձագանքում է Փաշինյանի ասուլիսին

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ աշխարհը կողջունի ցանկացած փաստաթուղթ, որը Հայաստանն ու Ադրբեջանը իրար հետ ստորագրում են։

«Իհարկե, երբ կա կոնֆլիկտ, աշխարհը տեսնում է որևէ համաձայնություն, կարևոր չէ՝ մեզ համար ձեռնտու է, ձեռնտու չէ, եթե որևէ համաձայնություն ստորագրվում է, ամբողջ աշխարհը ողջունում է դա», - նշեց նա։

«Ազատություն» - Վարչապետի, այդ թվում և այսօրվա մեկնաբանությունը Ձեզ բավարարեց, որ այնուամենայնիվ, կա սկզբունք, քաղաքական հիմք, դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, և ինչը կարող է ենթադրել, որ այդ նույն սկզբունքով այդ գործընթացը կտարածվի նաև սահմանի ամբողջ երկայնքով, ոչ միայն Կիրանցում։

Լևոն Զուրաբյան - Չէ, սա անհեթեթություն է, որովհետև իրականում նույն այդ պայմանավորվածության մեջ շատ հստակ ասված է, որ այդ սկզբունքը կարող է նաև փոփոխվել, և դա արդեն շատ լուրջ խնդիրներ է առաջացնում. նախ՝ ինչո՞ւ ենք մենք հատվածային սահմանազատում անում, մեր հենց այն հատվածում, որ ռազմական առումով այսօր ամենակարևորն է Ադրբեջանի համար, որ եթե պատերազմական գործողություններ լինեն, ինքը կկարողանա ավելի հեշտ դիրքերից դա անել։ Եվ երկրորդը՝ ինչո՞ւ ենք այդ վերապահումն անում, այսինքն՝ ստացվում է՝ այն դեպքում, երբ Ալմա-Աթայի, այսպես ասած, հռչակագիրը ձեռնտու է Ադրբեջանին, «մենք շարժում ենք էդ ձևով», իսկ մնացած դեպքերի համար մենք հստակ վերապահում ենք դնում, որ կարող է և փոփոխվի։

«Ազատություն» - Որովհետև այս գյուղերի դեպքում խոսքը բնակավայրերի մասին է, ինչպես Ադրբեջանն է ներկայացրել դա միջազգային հանրությանը, և փաստորեն ընկալում ունեցել է Բաքուն միջազգային հարթակներում, որ հայերին հարցրել են՝ «ինչո՞ւ եք օկուպացրել այդ չորս գյուղերը»։

Լևոն Զուրաբյան - Շատ լավ։ Եթե Դուք այդ հարցադրումը դնում եք, ես էլ մի ուրիշ հարցադրում եմ դնում, իսկ կարելի՞ է Նիկոլ Փաշինյանին վստահել ընդհանրապես, այսինքն՝ այն ձևով, ոնց որ ինքը մատուցում է և՛ բանակցության ընթացքը, և՛ Ադրբեջանի պահանջները կարելի է նրան վստահել ընդամենը փետրվարին նա հարցազրույց տվեց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.