Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու հրավերին:
«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի: Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի», - Տեր-Պետրոսյանի պատասխանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նրա խոսնակ Արման Մուսինյանը։
Առաջին նախագահը Փաշինյանին առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները:
«Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», - նշված է հայտարարությունում:
«Ազատություն»-ն այսօր հարցրել է վարչապետի խոսնակին արդյոք Փաշինյանը պատրա՞ստ է հրապարակել մինչև իր պաշտոնավորումը և նաև իր պաշտոնավարման ընթացքում Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը վերաբերող տարբերակներն ու պաշտոնական փաստաթղթերը, որպեսզի հանրությունն առանց քաղաքական շահարկումների կոնկրետ փաստերին ծանոթանալու միջոցով ինքը հետևություններ անի, դեռ պատասխան չունենք:
Օրերս վարչապետը նախկին նախագահներին հրավիրել էր ուղիղ եթերում բանավեճի: Փաշինյանի առաջարկը նախօրեին մերժել էին նախկին երեք նախագահները՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նախկին նախագահների թիմերը շարունակում են պնդել՝ Փաշինյանն է կործանել Արցախը. վարչապետը նրանց բանավեճի է հրավիրումՕսկանյանը ձեռնոց է նետում Փաշինյանին. կբանավիճի՞ վարչապետը ԱԳ նախկին նախարարի հետ