Պատերազմի կամ բախման առիթ ման գալու հարցերում Ադրբեջանը խտրականություն չունի, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Լրագրողների Ասպարեզ ակումբի ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
«Ազատություն». - Իբրև քաղհասարակության ներկայացուցիչ, լրագրող, բլոգեր, Դուք կարծո՞ւմ եք, որ սահմանազատումից հետո հայաստանցիները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերի բնակիչներն այլևս մտահոգվելու կարիք չեն ունենա: Մենք կարո՞ղ ենք հավատալ Ադրբեջանին, որ նա կհարգի միջազգային իրավունքը, իր կողմից ստորագրված սահմանազատման համաձայնագիրը, երբ գիտենք, որ այդ երկիրն արդեն իսկ խախտել է նախկին պայմնավորվածությունները, ներխուժել է Հայաստանի տարածք, գիտենք, որ Ալիևն էթնիկ զտման է ենթարկել Լեռնային Ղարաբաղը: Այս ամենի հետ հանդերձ կարո՞ղ ենք վստահել, հավատալ նրան:
Բարսեղյան. - Համարում եմ, որ՝ ոչ: Չի կարելի որևէ խոստում լուրջ ընդունել Ալիևից, որովհետև իր հռետորաբանությունն իր ամբողջ նախագահության ընթացքում, ոչ միայն վերջին 3-4 տարիներին, եղել է կոշտ և ռևանշիստական, պլյուս այն ամենը, ինչ նշեցիք: Այդպիսի երաշխիք որևէ մեկը տալ չի կարող՝ ոչ միայն կիրանցեցիներին, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության բնակչությունը: Սա ակնհայտ է, և ես չեմ հիշում, թե իշխանությունից որևէ մեկը նման երաշխիք տված լինի այս անցած երկու ամիսների ընթացքում, թե սահմանազատումը կանենք, և այլևս չի լինելու: Ոչ, իշխանություններն էլ են ասել, որ նման երաշխիք չկա, ուղղակի սահմանազատումը կամ իրենց Խորհրդային Միության ժամանակ ունեցած 2.5 թե 4 գյուղերի վերադարձը լեգիտիմ հարձակման կամ հարձակումը օրինականացնելու կամ հիմնավորելու շանսը նվազեցնում է, բեկանում է: Սա է եղել իշխանության մոտեցումը, ես էլ ինչ-որ տեղ համաձայն եմ սրա հետ, բայց պատերազմի կամ բախման առիթ ման գալու հարցերում Ադրբեջանը խտրականություն չունի: Եթե իր դիրքորոշումը` ռազմաքաղաքական դիրքորոշումը լինի որևէ ռազմական սրացում, տեղային կամ լայնամասշտաբ, դրա համար առիթ կարող է մոգոնել, իհարկե: Այնպես որ, որևէ մեկը նման երաշխիք չունի, երաշխիքը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատշաճ հակակշիռն է:
«Ազատություն». - Պարոն Բարսեղյան, Հայ առաքելական եկեղեցին անմիջականորեն ներգրավվել է քաղաքական գործընթացներում, խախտել է եկեղեցու և պետության անջատման սահմանադրական նորմերը: Ես կարծում եմ՝ այդ սկզբունքները այնքան էլ հստակ չեն ձևակերպված մեր Սահմանադրության մեջ, սակայն այդ սկզբունքները պետք է լինեն ցանկացած ժողովրդավարության հենասյուներից մեկը: Հայկական Սահմանադրությունն ընդգծում է հայաստանյան եկեղեցու բացառիկ դերը, բայց հստակություն չկա, թե որն է այդ դերը: Հիմա, եթե Բագրատ արքեպիսկոպոս Գայստանյանը պահանջում է վարչապետի հրաժարականը և սկսում է խորհրդակցություններ խորհրդարանական խմբակցությունների հետ, մասնակցում է նոր վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումների, դա նշանակո՞ւմ է, որ եկեղեցին ուզում է ոչ թե բացառիկ դեր ունենալ, այլ որոշի՛չ դեր ունենալ:
Բարսեղյան. - Քանի դեռ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայտարարությամբ հանդես չի եկել կամ իր խոսքը չի ասել, կամ կաթողիկոսը՝ պարոն Ներսիսյանը, իր խոսքը չի ասել իր հոգևորականների քաղաքական դիրքորոշման մասին, առայժմ ես դժվարանում եմ ուղիղ ասել, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին միջամտում է քաղաքականությանը: Շատ ցանկալի կլիներ, որ հստակ արտահայտվեր Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ասեր, որ «մենք այս հոգևորականների հետ մեկտեղ որոշում ենք միջամտել պետական քաղաքականությանը»: Օրենսդրությունը, իրավացի եք, հստակ մանրամասներ չունի, ասում է, որ անջատ է և բացառիկ տեղն է նշում, էս իմաստով առայժմ անորոշություն կա, որը, մի կողմից, գալիս է օրենսդրությունից, մյուս կողմից՝ գալիս է այս հոգևորականների բռնած դիրքից: Իրենք համարում են, որ իրենք շահեկան դիրքում են գտնվում՝ հղում անելով քաղաքացիական իրավունքներին՝ «մենք էլ ենք քաղաքացի և մենք մեր բողոքն ենք հայտնում, լավ ենք անում» Ես շատ կնախընտրեի՝ հանուն Հայ առաքելական Սուրբ եկեղեցու շահի և հեղինակության, որպեսզի այդ հոգևորականները օբյեկտիվորեն հստակ, աներկբա զատեին իրենց հոգևորական մասը, գործքը, վարքը քաղաքական մասից: Աշխարհը օրինակներ ունի, երբ հոգևորականները համարել են, որ շատ կարևոր է, որ իրենք քաղաքականությանը մասնակցություն ունենան, անուններ չտամ, [...], և իսկապես իրենց դիրքորոշումը այդպես հայտնել են և մտել են քաղաքականությwuն: Ես այստեղ պրոբլեմ չեմ համարում, պրոբլեմ տեսնում եմ այնտեղ, երբ իրենք փորձում են համադրել իրենց հոգևոր առաջնորդների դիրքերը քաղաքական ակտիվության հետ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.