Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։
Նախագահի X-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակվել, ինչպես նաև հաղորդվում է, որ Դուդան Պարույր Սևակում մասնակցել է պարեկության, հանդիպել ԵՄ առաքելության լեհ անձնակազմի հետ, որը ստեղծված է անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում։
2023-ի փետրվարին Հայաստան եկած Եվրամիության առաքելության դիտորդների Հայաստանի սահմաններին տեղակայման ժամկետը լրանում է 2.5 ամսից։ Մինչ այդ առայժմ պարզ չէ՝ Բրյուսելն ու Երևանը բանակցում են նրանց տեղակայման ժամկետը երկարաձգելու շուրջ, թե ոչ։
Դիտարկմանը քննադատաբար է վերաբերվում Բաքուն, պահանջում նրանց հեռացնել հայ-ադրբեջանական սահմանից։ Նախորդ շաբաթ Հայաստանի վարչապետը հայտնեց, որ Բաքվին առաջարկել են սահմանազատված հատվածներից հեռացնել ԵՄ դիտորդներին։
Երեկ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Դուդան Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Լեհաստանի պատրաստակամությունը հայտնեց։
Սա Լեհաստանի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 13 տարվա ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ դիտորդները պիտի մնան այնքան ժամանակ, որքան կպահանջվի Երևանի ու Բաքվի միջև վստահության համար. Աբրահամյան