Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, հաղորդում է ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը։
Լավրովի նախագահությամբ, Նյու Յորքում հուլիսի 16-ից 17-ը տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նախարարական բանավեճը։
Ռուսաստանը հուլիսի 1-ին մեկ ամսով ստանձնել է ՄԱԿ-ի ԱԽ նախագահությունը։
Նշվում է, որ Լավրովը մի քանի երկկողմ հանդիպումներ նաև կունենա՝ քննարկելու միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի և Գազայի իրավիճակը, ուկրաինական ճգնաժամը և ՄԱԿ-ի կանոնադրության պաշտպանությանն ուղղված ջանքերը։
«Ռիա Նովոստին» փոխանցում է, որ Լավրովին ուղեկցող լրագրողները վիզաներ են ստացել՝ տեղաշարժի սահմանափակումներով։ Նշվում է, որ ԱՄՆ դեսպանատունը, մասնավորապես, C2 կարգի վիզաներ է տրամադրել ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Սա տարանցիկ վիզա է։ Այն տրվում է նաև ՄԱԿ-ի կենտրոնակայան գնացողներին և նրանք չեն կարող դուրս գալ Նյու Յորքի կենտրոնից 40 կիլոմետրից ավելի շառավիղով։
Նյու Յորքում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա երեկ ելույթ է ունեցել ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկախ բոլոր մարտահրավերներից, Երևանը հավատարիմ է կայուն զարգացման նպատակների խոստմանը․ Միրզոյան