Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին։
Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ նրանք քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի որոշ հարցեր։
Սերգեյ Լավրովը շնորհավորել է Գուրգեն Արսենյանին
դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ աշխատանքում՝ ի նպաստ երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման:
Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից օրեր առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ փաստաթղթերը Մոսկվա ուղարկել անցած աշնանը։
Հայ-ռուսական սրված հարաբերությունների այս փուլում մինչև պաշտոնապես նշանակվելը նա ասել էր, թե հույս ունի մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։
- Նորանշանակ դեսպանը նախկինում դիվանագիտական ոլորտում չի եղել, Փաշինյանի թիմով պատգամավոր է դարձել 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին։