Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը ժամեր առաջ ահազանգել էր, որ իրեն արգելել են մուտք գործել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, արդեն ազատության մեջ է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Լապշինի հետ։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մելիքյանն ասաց՝ ոստիկանությունից իրեն տեղում պարզաբանել են, որ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Լապշինի մուտքի խոչընդոտումը և անազատության մեջ հայտնվելը կապված է եղել ոչ թե Ադրբեջանի իրավապահների կողմից հայտարարված հետախուզման հետ, այլ Բելառուսի։
«Նրան ձերբակալել են Բելառուսի պահանջով», - ասաց փաստաբանը՝ հավելելով, որ կատարողն այս դեպքում Հայաստանի դատախազությունն է։
Ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ Ալեքսանդր Լապշինին Հայաստանի ոստիկանները հայտնաբերել են Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:
«Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա.Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ», - փոխանցեցին իրավապահ կառույցից:
Սակայն, պարզ չէ, թե կոնկրետ ինչի համար է Լապշինը հետախուզման մեջ գտնվում, ոչ Դատախազությունը, ոչ Մելիքյանը չեն հայտնել։
- Բլոգերը 2016 թվականին ձերբակալվել էր Բելառուսում՝ առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու պատճառաբանությամբ: Ձերբակալությունից հետո Ալեքսանդր Լապշինը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
- 2017-ին նա Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացավ և Իսրայել արտահանձնվեց։
- Ալեքսանդր Լապշինն Ադրբեջանի դեմ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ապօրինաբար իրեն ազատազրկելու և բանտում իր դեմ մահափորձի համար։