«Կցանկանայի հուսալ, որ մի օր և որքան հնարավոր է շուտ, կգա այն պահը, երբ Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններում երրորդն ավելորդ կլինի», - երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վկայակոչելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը La Repubblica թերթին, որտեղ Հաջիևը նշել էր, թե «Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները» և որ «Հայաստանի ռազմական զարգացումը պետք է լինի պատասխանատու և համաչափ»՝ լրագրողը, մասնավորապես, խնդրել էր Զախարովային մեկնաբանել Հաջիևի հատարարությունները, քանի որ, ըստ լրագրողի, Բաքուն Երևանից փաստացի պահանջում է չանդակմակցել որևէ դաշինքի, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին ու սահմանափակել անվտանգությունն ապահովելու կարողությունները։
Զախարովան պարզաբանել է՝ թե՛ Բաքվի սկզբունքային մոտեցումներում խոսքը գնում է համագործակցության կամ ռազմական դաշինքների մասին, որոնց մեջ Արևմուտքը ցանկանում է ներքաշել Հայաստանին և Ադրբեջանին։
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նախ շեշտել է՝ որևէ հայտարարություն չի լսել ադրբեջանցի որևէ պաշտոնյայից, թե ՀԱՊԿ-ը սպառնում է Հայաստանի անվտանգությանը, ապա պարզաբանել է՝ ՀԱՊԿ-ը ռազմական բլոկ չէ, ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որը միավորում է այն երկրներին, որոնք մտահոգված են իրենց անվտանգությամբ։
«Ո՛չ կանոնադրական փաստաթղթերում, ո՛չ գործունեության պատմության մեջ չկա որևէ բառ, որը կհաստատի, թե այս կառույցն ուղղված է որևէ մեկի դեմ։ Սա ՆԱՏՕ-ն չէ, ոչ էլ ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ գտնվող նոր կազմավորում: Ուստի այս մեջբերումը ոչ մի կերպ չի առնչվում ՀԱՊԿ-ին», - ասել է Զախարովան՝ նշելով՝ Բաքվի սկզբունքային մոտեցումներում խոսքը գնում է համագործակցության կամ ռազմական դաշինքների մասին, որոնց մեջ Արևմուտքը ցանկանում է ներքաշել Հայաստանին և Ադրբեջանին։
Մեղադրանքներ նաև ԵՄ-ի հասցեին
Զախարովան մեղադրել է նաև Եվրամիությանը «ռազմականացման կուրս» վերցնելու համար։
«Այն արդեն դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի անբաժանելի մասը։ ԵՄ-ն, անտեսելով Բաքվի բազմաթիվ դժգոհությունները, Հայաստանում տեղակայեց «քաղաքացիական դիտորդական առաքելություն»։ Սա հավասար փոխգործակցություն, գործընկերություն, կամ համագործակցություն չէ: Սա ԵՄ շահերի ագրեսիվ տեղակայում է մի տարածաշրջանում, որը կապ չունի ԵՄ-ի հետ», - ասել է ռուսաստանցի դիվանագետը։
Ինչ վերաբերում է ռազմական զարգացմանը, ապա, ըստ Զախարովայի, սա յուրաքանչյուր ինքնիշխան երկրի իրավունքն է, սակայն «կարևոր է, որ այն չխաթարի ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը և ուղղված չլինի միմյանց դեմ»։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, վերջերս հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
Սեպտեմբերի 18-ին, Երևանում, Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար՝ շեշտելով՝ նաև դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցին։ Կրեմլից կարճ էին արձագանքել Փաշինյանի հայտարարությանը՝ միայն նշելով, թե ՀԱՊԿ-ն իր անդամներից որևէ մեկի ինքնիշխանությանը չի սպառնում։
Նախօրեին Վարշավայում, Անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը։
«Կայունությունն առաջնահերթություն է, և այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի։ Խոսքը ռիսկերի կառավարման մասին է», - ասել է Միրզոյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը որպես իրավահավասար գործընկեր դիտարկել». Տասմագամբետով