Կրեմլը հայտարարել է՝ եթե պարզվի, որ նորվեգական նավն իրոք հրաժարվել է ռուս նավաստիներին փրկել Միջերկրական ծովում խորտակվող բեռնանավից, ապա դա կդիտվի որպես ծովային իրավունքի աղաղակող խախտում։
«Եթե իսկապես օգնություն չի ցուցաբերվել ծովում հայտնվածներին, ապա դա հակասում է ծովային բոլոր օրենքներին», - ուրբաթ օրը լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պաշտպանության նախարարության կազմի մեջ գտնվող «Օբորոնլոգիստիկա» ընկերությունը, որին պատկանում է նավը, ավելի վաղ հայտարարել է, որ նորվեգական նավը հրաժարվել է ռուս նավաստիներին վերցնել Միջերկրական ծովում խորտակվող "Урса Майор" բեռնատար նավից՝ պատճառաբանելով, թե ինչ-որ արգելք կա։ Արդյուքնում ռուսական բեռնատար նավի անձնակազմին փրկել են իսպանական Salvamar Drago նավի նավաստիները։
Ռուսական բեռնատար նավը խորտակվել է դեկտեմբերի 23-ին Ջիբրալթարի նեղուցով անցնելուց անմիջապես հետո՝ Ալժիրի և Իսպանիայի ափերից մի քանի տասնյակ մղոն հեռավորության վրա, միջազգային ջրերում։
16 նավաստիներից 14-ը փրկվել են, երկուսը համարվում են անհետ կորած։
«Օբորոնլոգիստիկան» հայտարարել է, որ "Урса Майор" բեռնատար նավի դեմ «ահաբեկչական հարձակում» է իրականացվել: Ըստ անձնակազմի անդամների՝ բեռնատար նավի աջակողմյան մասում երեք պայթյուն է տեղի ունեցել, որից հետո նավը խորտակվել է։ Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները և ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էին, որ նավի վրա պայթյուն է տեղի ունեցել շարժիչի հատվածում։ «Օբորոնլոգիստիկան» նաև նշել է, որ նավը ծանրաբեռնված չի եղել և Սանկտ Պետերբուրգից Վլադիվոստոկ էր ուղևորվում 806 տոննա կշռող բեռով։