Այսօր ժամը 00։35 «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի մահը՝ հրազենի գործադրմամբ, հաղորդում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը՝ «մի քանի բանավոր հարցումները հաշվի առնելով»:
Դեպքի փաստով կիրակի օրը Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը», ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռևս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով Կ. Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը, իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։
Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսբանական և դատաքիմիական փորձաքննություններ», - փոխանցում է ՔԿ խոսնակը:
Դեպքի հանգամանքները պարզելու համար ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է։
Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ Կարեն Խաչատրյանը Գեղարքունիքի նախկին դատախազն է, երկար տարիներ աշխատել է Դատախազության համակարգում: