ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում չորեքշաբթի օրը տեղի դպրոցի աշակերտ 14-ամյա Քոլթ Գրեյը կրակ է բացել շենքի ներսում։ Reuters-ը հայտնում է երկու դպրոցականի և երկու ուսուցչի մահվան մասին։ Ինը մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դպրոցը, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, գտնվում է Ուինդեր քաղաքում՝ Ատլանտայից 80 կիլոմետր հյուսիս-արևելք:
Կրակողը կալանավորվել է։ Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել։
Քաղաքում անվտանգության ուժեղացված միջոցներ են սահմանվել, իսկ դպրոցի շենքը շրջափակվել է։
Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ում հասարակական վայրերում, մասնավորապես՝ դպրոցներում և քոլեջներում կրակոցների բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Սա հանրության մոտ հարցեր է բարձրացրել քաղաքացիական զենք ունենալու կանոնների խստացման կամ այն ամբողջությամբ արգելելու մասին։