«Քաղաքացիական պայմանագրի» վարչության կողմից արդարադատության նախարարի պաշտոնում հաստատված թեկնածու այս պահին չկա, «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
«Վարչությանը թեկնածություններ ներկայացվել են, դրանք պետք է քննարկվեն, քվեարկվեն, մեկը հաստատվի և ներկայացվի վարչապետին»,- ասաց Ալեքսանյանն՝ առանց մանրամասնելու, թե ում անուններն են ներկայացվել։
«Ազատության» տեղեկություններով արդարադատության նախարարի պաշտոնի համար առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունները: Հարցը կքննարկվի վարչության վաղվա նիստում:
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն այդ պաշտոնում։
Երկու շաբաթ է՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցում գլխավոր դերակատարը հենց Արփի Դավոյանն էր: Ինքն էր նախաձեռնել ստորագրահավաք, որպեսզի նախարարի պաշտոնանկության հարցը քննարկեին, այդ հարցում նրա աջակիցներից էին պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը:
Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքի ֆոնին նախարարն ինքը որոշեց հրաժարական տալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքացիական պայմանագիրն» արդարադատության նոր նախարարի փնտրտուքի մեջ է