Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն այսօր մերժեց ընդունել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը։
Փաստաթղթով Հայաստանի խորհրդարանի անունից կոչ էր արվում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման համար։
Ընդդիմության նախագիծը չընդունվեց 30 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Այն նաև հորդորում էր Հայաստանի կառավարությանը ակտիվորեն համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պնդեց՝ Հայաստանի կառավարությունն ամեն օր է զբաղվում հայ գերիներին վերադարձնելու հարցով, ու քանի որ ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը չի լուծում այդ խնդիրը, և իրենք չեն կարող սխալ գործիքներով խնդրին ճիշտ լուծում տալ, հետևաբար ՔՊ-ն չի մասնակցի քվեարկությանը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր խմբակցությունները գերիների ազատ արձակման հարցով հրատապ նիստ են նախաձեռնում