ՔՊ-ն խոսում է Գյումրիում ժամանակավոր համայնքապետ նշանակելու մասին. մտադիր են օրենք փոխել

Կուսակցության ղեկավար մարմնի երեկվա նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն խոսում է Գյումրիում իշխանություն ձևավորելու նոր սցենարի՝ նախքան արտահերթ ընտրությունները ժամանակավոր համայնքապետ նշանակելու մասին։

Մտադիր են օրենք փոխել, որ վարչապետը Վանաձորի օրինակով նաև Գյումրիում քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու իրավասություն ստանա։ Հիմա օրենքն արգելում է։

ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանy վստահեցրեց՝ արտահերթ ընտրությունների օրակարգից չեն հրաժարվել, բայց իրավական կազուսի են բախվել՝ ՏԻՄ և Ընտրական օրենսգրքերում հակասություններ կան։ Ընտրական օրենսգիրքն է սահմանել՝ առանց համայնքապետի նոր ընտրություններ չեն կարող նշանակվել։

Ալեքսանյանն ասաց՝ դեռ չեն քննարկել փոփոխության ենթակա օրենքները, որ Գյումրիում էլ ժամանակավոր կառավարում հաստատեն։ ՔՊ-ն գյումրեցի պատգամավոր, կուսակցության Գյումրիի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանին է դիտարկում պաշտոնակատարի աթոռին։ Նա, ըստ մի շարք ՔՊ-ականների, նաև քաղաքապետի թեկնածուն կլինի, եթե, իհարկե, արտահերթ ընտրություններ նշանակվեն։

Վանաձորի տարբերակը ժամանակին խստորեն քննադատվեց, ընդդիմադիրները հակասահմանադրական ու իշխանազավթում բառերով էին բնութագրում տեղի ունեցածը։ 21 թվականի դեկտեմբերին ՔՊ-ն, ինչպես և Գյումրիում, մեծությամբ երրորդ քաղաքում ևս չէր հաղթել։ Այստեղ ընտրություններից մի քանի օր անց կոռուպցիոն մեղադրանքով կալանավորվեց հաղթող թեկնածուն, իսկ ավագանուն դատարանը արգելեց նիստեր գումարել ու իր կազմից ղեկավար ընտրել, քանի որ կուսակցություններից մեկը բողոքարկել էր ընտրությունների արդյունքները։

Ի վերջո իշխող ուժը օրենք փոխեց ու ընտրություններից կես տարի անց վարչապետի նշանակած պաշտոնակատարը մինչև հիմա ղեկավարում է Վանաձորը։