«Քաղաքացիական պայմանագրի» երիտթևի ոչ գյումրեցի ներկայացուցիչները երեկվանից շրջում են Գյումրիի թաղերով, քվեաթերթիկով ու քվեախցիկով թակում դռներն ու առաջարկում մասնակցել նախնական ընտրություններին։
Երբեմն դուռը բացում էին, բայց քվեարկությանը հրաժարվում մասնակցել տարբեր պատճառներով։
Գյումրվա փրայմերիզին 7 թեկնածու է մասնակցում՝ Կարեն Սարուխանյանը, Դավիթ Առուշանյանը, Սարիկ Մինասյանը, Վահագն Մկրտչյանը, Շավարշ Արամյանը, Լևոն Անանյանն ու Էմմա Բարսեղյանը։ Ով ավելի շատ ձայն կստանա, նրան էլ վարչապետը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակի։
Երեկ 313 գյումրեցի է քվեարկել։ Կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողներին ասաց՝ Գյումրին պայմանական 5 մասի են բաժանել՝ 5 խմբեր են շրջում։ Կարգ են սահմանել, որ ամեն տնից մեկ հոգի կարող է քվեարկել՝ պահպանելով գաղտնիության սկզբունքը։
Իսկ շրջիկ խմբերի վերահսկողությունն ինչպես է իրականացվում, որ երթուղուց չշեղվեն, կամ այլ մարդիկ չքվեարկեն, Ալեքսանյանն ասաց. - «Մաքսիմալ վերահսկելիություն կա, որովհետև բոլոր շրջիկ խմբերը հագեցած են այդ մարմնի տեսախցիկ կոչվածներով»։
ՔՊ վարչության անդամ Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց՝ շատերը շփոթում են փարյմըրիզը բուն ընտրության հետ։
Մտահոգության կա, որ պաշտոնակատարը կարող է Վանաձորի օրինակով մի քանի տարի պաշտոնավարել, ընդհուպ մինչև Գյումրիի հերթական ընտրությունները՝ 2026 թվականը։ Վահագն Ալեքսանյանը վստահեցրեց, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ կլինեն. - «Մենք կարծում ենք, որ միանշանակ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, և գյումրեցիները պետք է իրենց կամքը ընտրատեղամասերում հայտնեն հնարավորինս շուտ, երբ դա հնարավոր կլինի»։
Նախնական ընտրությունների արդյունքները կամփոփովեն դեկտեմբերի 10-ի երեկոյան, ու հայտնի կդառնա, թե 7 թեկնածուներից ով է ղեկավարելու Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքը։ Մինչ այդ ՏԻՄ օրենքի փոփոխությունը պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունվի, որը վարչապետին լիազորություն կտա կատարելու նշանակումը։ Գյումրին առանց կառավարիչների է մնացել հոկտեմբերի վերջից։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.