Կուրսկի շրջանի 74 բնակավայրեր գտնվում են Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ․ Զելենսկի

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Ռուսաստանի Կուրսկի շրջանի 74 բնակավայրեր գտնվում են երկրի զինված ուժերի վերահսկողության տակ, նախօրեին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Չնայած բարդ, ինտենսիվ մարտերին», Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են առաջխաղացումը տարածաշրջանում, X-ում գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև ասել է, որ զինվորականները մեծացրել են «փոխանակման ֆոնդը»՝ նկատի ունենալով ռուս գերիների փոխանակում ուկրաինացի գերիների հետ։

Զելենսկին ավելի վաղ շնորհակալություն էր հայտնել ուկրաինացի զինվորականներին՝ Ուկրաինայի «փոխանակման ֆոնդը» համալրելու համար՝ նշելով․ - «Մեզ համար սկզբունքային է մեր ողջ ժողովրդին ռուսական գերությունից վերադարձնելը»։

Նա հստակ չի նշել, թե քանի ռուս զինվորական է գերի ընկել, սակայն ասել է, որ նրանք «հարյուրավոր» են:

Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ մշտապես կապի մեջ է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ, նրանից պարբերաբար զեկույց է ստանում առաջնագծում իրավիճակի և Կուրսկի շրջանում ուկրաինական գործողությունների մասին։

Ավելի վաղ Սիրսկին Զելենսկուն զեկուցել էր, որ Ուկրաինայի վերահսկողությանն է անցել 1000 քառակուսի կիլոմետր տարածք։ Ինչը քիչ ավելի փոքր է այս տարի Ուկրաինայի Դոնեցկի և Խարկովի մարզերի վրա հարձակումների ժամանակ ռուսական զորքերի կողմից գրավված տարածքից։

Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այս հաղորդման իսկությունը։

Նախօրեին Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը տարածաշրջանի 28 բնակավայր են գրավել։

Արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող լայնածավալ այս ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանը ստիպված է եղել առնվազն 200 հազար մարդ տարհանել Ուկրաինայի հետ սահմանամերձ գոտիներից։ Օրինակ՝ 14 հազարից ավելի բնակչություն ունեցող Կրասնոյարուժսկի շրջանում, ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի, հատուկենտ մարդիկ են մնացել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավիճակը Կուրսկի մարզում. առնվազն 200 հազար բնակիչ է տարհանվել