Ուկրաինային սահմանակից Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հաղորդում է Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
Որոշումն ընդունվել է ի պատասխան Կիևի կողմից «ռուսական մի շարք շրջաններում իրավիճակն ապակայունացնելու փորձի» և «ահաբեկչական հարձակումների սպառնալիքները ճնշելու» համար։
«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ, օրենքը թույլատրում է հակաահաբեկչական գործողության ռեժիմի ընթացքում զննել քաղաքացիներին, լսել նրանց հեռախոսային խոսակցություններն, անջատել ինտերնետը և բջջային կապը, տարհանել բնակիչներին, մտնել նրանց տները, վերցնել ավտոմեքենաները։
Հարյուրավոր համազգեստավոր ուկրաինացի զինվորականներ՝ զրահամեքենաների և այլ ծանր զինտեխնիկայի աջակցությամբ, այս շաբաթ մխրճվեցին Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ Ուկրաինայի Սումի քաղաքից հյուսիս: Տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Սուջա քաղաքը: Քաղաքապետ հերքում է լուրը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է՝ վերահսկում է իրավիճակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորրորդ օրն է Կուրսկում մարտերը շարունակվում են, մարզում արտակարգ դրություն է հայտարարվել