Վիրավորների մեծ մասն արդեն դուրս է գրվել. փշրված ապակիներ, կոտրված եզրաքարեր՝ Երևանում վթարի հետևանքները

47-ամյա Արսեն Վասիլյանը 36 համարով Կենտրոն էր գալիս, ամեն ինչ սովորականի նման էր՝ կիրակնօրյա հանդարտությամբ, մեկ էլ հարված, ուժեղ ձայն.... հաջորդն ինչ հիշում է, վթարի հետևանքներն են՝ վիրավորներն ու փշրված ապակիները:

Ցորեն տեղափոխող բեռնատարի ու MAN ավտոբուսի բախման հետևանքով Վասիլյանը կոտրվածքներ ունի. բուժումը «Հերացի» հիվանդանոցում է ստանում, առայժմ բժիշկների հսկողության տակ պետք է մնա:

Վթարից հետո «Հերացի» հիվանդանոց տեղափոխված 15 քաղաքացիների մեծ մասն արդեն դուրս է գրվել։ 5-ը շարունակում են բուժում ստանալ, երկու կին կայուն ծանր վիճակում վերակենդանացման բաժանմունքում են. տուժածների դրությունը գլխավոր բժշկի տեղակալ Մհեր Ջավախյանն է ներկայացնում:

Վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներից մեկի մոտ գանգուղեղային տրավմա է, մյուսի մոտ կողերի կոտրվածք, մյուս բաժիններում գտնվողները տարբեր աստիճանի վնասվածքներ ունեն: Տարբեր տարիքային խմբի քաղաքացիներ էին՝ 17 տարեկանից մինչև 70», - ասաց Ջավախյանը:

Երեկ առավոտյան հայտնեցին՝ բեռնատարը բախվելով ավտոբուսին շրջվել է։ Իրավապահներն էլ տեղեկացրին՝ քրեական վարույթ են նախաձեռնել՝ անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։ Թե ո՞վ է մեղավոր, քննությունը ցույց կտա։

«Հերացի» հիվանդանոցից քիչ այն կողմ պատահարի հետքերը դեռ թարմ են: Ջարդուփշուր եղած բեռնատարն այստեղ է, եզրաքարերը կոտրված են, ցորենի միլիոնավոր հատիկները հեղեղել են հարակից ամբողջ տարածքը։ Վթարից 36 ժամ անց տարածքը դեռ չեն մաքրել։ Փրկարարները բավարարվել են միայն երթևեկելի հատվածը լվանալով։

Երևանյան ավտոբուսների մասնակցությամբ պատահարներ ամեն շաբաթ են տեղի ունենում, վերջերս «Հետքն» էր հաշվել՝ վերջին մեկ տարում շուրջ 1600 դեպք է եղել։

Ավելի մանրամասն «Ազատության» ռեպորտաժում.