Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պնդմամբ, պաշտոնից հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրվել է Եվրախորհրդարան՝ այդ կառույցի նիստի ընթացքում ելույթ ունենալու համար։
«Մենք տեղեկություն ենք ստացել, որ Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել են մասնակցելու Եվրախորհրդարանի նիստին։ Եվրախորհրդարանի պատգամավորները նրան հոտնկայս կողջունեն, ինչպես ժամանակին Զելենսկուն էին ողջունում՝ ելույթի ավարտին էլ նրան կճանապարհեն բուռն ծափահարություններով։ Նման ներկայացումներով, սակայն, եվրոպացի քաղաքական գործիչները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Վրաստանում ծավալվող զարգացումների վրա», - նշել է Կոբախիձեն։
Վրացական կառավարության ղեկավարը նաև հերքել է պնդումները, թե երկրում քաղաքական ճգնաժամ է։
«Ոչ մի քաղաքական ճգնաժամ էլ գոյություն չունի։ Երկրում բնականոն աշխատող կառավարություն և խորհրդարանական մեծամասնություն կա։ Նման պայմաններում ի՞նչ քաղաքական ճգնաժամի մասին է խոսքը»,-նշել է Վրաստանի վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունգարիան և Սլովակիան արգելափակեցին Վրաստանի առաջնորդների դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը