«Վրաստանը պատրաստ է վերագործարկել ԱՄՆ հետ իր կապերը՝ համագործակցության և երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով», - այսօր Թբիլիսիում, ամերիկյան կոնգրեսական պատվիրակության հետ հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Երեկվանից Թբիլիսիում են գտնվում սենատոր Ջին Շահինը և Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Թերները։
Ուրբաթ օրն ամերիկացի օրենսդիրները հանդիպել էին նախագահ Սալոմե Զուաբիշվիլիի հետ՝ նրան փոխանցելով Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ուղերձը։
Դրանում Բայդենը նշել էր, թե հիասթափված է Վրաստանի իշխանությունների «վերջին հակաժողովրդավարական քայլերից»։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, ինչը խիստ քննադատության են ենթարկել իրավապաշտպանները, ՀԿ-ները, անկախ ԶԼՄ-ները և երկրի արևմտյան գործընկերները՝ Միացյալ Նահանգները և Եվրամիությունը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն օրենսդիրները մայիսի 28-ին քվեարկությամբ այն շրջանցել են, և նախագիծը մտել է ուժի մեջ:
Բրյուսելը հայտարարեց, որ որոշել է սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։
Մինչ այդ էլ ԱՄՆ-ն չեղարկել էր վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ հայտարարելով, թե որոշումը պայմանավորված է «Միացյալ Նահանգների և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Կարծում եմ՝ ԵՄ հետ բանակցությունները կմեկնարկեն հաջորդ տարի»․ Կոբախիձե