Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հուլիսին այցելել են ադրբեջանական բանտում պահվող հայերին, ադրբեջանական APA-ին հայտնել է ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:
Այցելության հստակ օր Հուսեյնովան չի նշել: Նրա խոսքով՝ պայմաններ են ստեղծվել իրենց ընտանիքների հետ շփվելու համա, ինչպես նաև գնահատվել են պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։
Ադրբեջանի կողմից Արցախի վրա սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով 16 անձ է գերեվարվել։ Գերեվարվածների շարքում են նաև արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Բաքուն նրանց ծանր մեղադրանքներ է առաջադրել։
Անցած ամիս ևս ԿԽՄԿ աշխատակիցները տեսակցել էին ադրբեջանական բանտերում պահվող հայերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների քրեական գործերն առաջիկայում կուղարկվեն դատարան