«Կիևն առաջին հարվածն է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին»․ "РБК-Украина"

ATACMS, արխիվային լուսանկար

Անցած գիշեր ուկրաինական զորքերը արևմտյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներով առաջին հարվածներն են հասցրել Ռուսաստանի տարածքին, հաղորդում է "РБК-Украина" գործակալությունը՝ պնդելով, որ հարվածի թիրախում են եղել Բրյանսկի մարզի Կարաչյով քաղաքում գտնվող զինապահեստները։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, «նախանշված թիրախները հաջողությամբ խոցվել են»։

Կարաչյովը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 130 կիլոմետր հեռավորության վրա։

Արևմտյան լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, կիրակի օրը հաղորդեցին, թե Բայդենի վարչակազմը թույլ է տվել ուկրաինացիներին ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքին։

Կիևն ու Վաշինգտոնը չեն հաստատել տեղեկությունները։

Մոսկվան հայտարարել է, որ «արևմտյան հրթիռներով հարվածները կդիտարկվեն որպես ՆԱՏՕ-ի հարձակում»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը թույլատրել է ամերիկյան հեռահար զենքով հարվածել ՌԴ տարածքին․ Բորել