Խոշոր հրդեհ Զապորոժիեի ատոմակայանում․ հրդեհի համար Մոսկվան ու Կիևը միմյանց են մեղադրում

Զապորոժիե ատոմակայանը, արխիվ

Խոշոր հրդեհ է բռնկվել Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիե ատոմակայանում։ Տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հրդեհի համար մեղադրելով ռուսական կողմին։

Մոսկվան, իր հերթին, մեղադրանքի սլաքներն ուղղում է ուկրաինական կողմ։

Զապորոժիեի մարզի ռուսական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկու փոխանցմամբ, հրդեհ է բռնկվել ատոմակայանի հովացման համակարգում։ Որպես պատճառ Բալիցկին նշել է Ուկրաինայի զինվորականների կողմից Էներգոդար քաղաքի գնդակոծությունը, որտեղ գտնվում է ատոմակայանը։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։

Երկու երկրներն էլ նշում են, որ ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է։

1981 թվականին կառուցված Զապորոժիեի ատոմակայանը ամենամեծն է Եվրոպայում։ Դրա հզորությունը 6000 ՄՎտ է։ Այն այժմ էլեկտրաէներգիա չի արտադրում։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից (ԱԷՄԳ) իրավիճակի արձագանք է պահանջել։

«Որտե՞ղ է Ռաֆայել Գրոսսին և Որտեղ է ԱԷՄԳ-ն: Ո՞ւր է ՄԱԿ-ի կառույցի աշխատանքի գոնե որոշակի իմիտացիան այս կրիտիկական ուղղությամբ», - գրել է Զախարովան։

Զելենսկին իր հերթին Տելեգրամում գրել է. - «Նիկոպոլից արձանագրում ենք, որ ռուս օկուպանտները հրդեհել են Զապորոժիեի ատոմակայանի տարածքը։ Սպասում ենք աշխարհի արձագանքին, սպասում ենք ԱԷՄԳ-ի արձագանքին։ Ռուսաստանը պետք է պատասխան տա սրա համար։ ԱԷԿ-ի նկատմամբ միայն ուկրաինական վերասհկողությունը կարող է երաշխավորել ամբողջական անվտանգություն»:

Զապորոժիեի ԱԷԿ-ն ունի վեց ռեակտոր: Ատոմակայանը գտնվում է ռուսական բանակի հսկողության տակ, սակայն աշխատող անձնակազմն ուկրաինացիներ են։

ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր մի քանի անգամ այցելել է ատոմակայան՝ դրա շուրջ ստեղծված իրավիճակը որակելով ծայրահեղ անկայուն։

Անցած դեկտեմբերին «Ռոսատոմ»-ը և ԱԷՄԳ-ը պայմանավորվել են ատոմակայանի իրավիճակի շուրջ 2024-ի սկզբին խորհրդակցություններ անցկացնել։

Այս տարվա մարտին Գրոսսին այցելել է Ռուսաստան, Սոչիում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «Ռոսատոմ»-ի տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ՝ քննարկել Զապորոժիեի ատոմակայանի ապահովության, միջուկային անվտանգության հարցեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վտանգավոր կերպով մոտենում ենք միջուկային վթարի»․ Գրոսսին՝ Զապորոժիեի ատոմակայանում իրավիճակի մասին