«Խորացող անորոշություն». այսպես են մոլդովացի վերլուծաբանները բնորոշում նախագահական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի արդյունքները։
99 տոկոսից ավելի քվեների հաշվարկով՝ գործող նախագահ եվրոպամետ Մայա Սանդուն թեև բացահայտ առաջատարն է, բայց չի խուսափի ընտրությունների երկրորդ փուլից։ Նա ստացել է ձայների 42 տոկոսը՝ զգալի առաջ անցնելով հիմնական մրցակից, նախկին գլխավոր դատախազ ռուսամետ Ալեքսանդր Ստոյանոգլոյից, որը մոտ 26 տոկոս ձայն է ստացել։ Եվս 24 տոկոս էլ միասին ստացել են 3-5-րդ տեղերը զբաղեցրած ռուսամետ թեկնածուները, ինչը նշանակում է, որ եթե նրանք երկրորդ փուլում համախմբվեն Ստոյանոգլոյի շուրջ, գործող նախագահի հաղթանակը բարդ է լինելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոլդովայում Եվրաինտեգրման հարցն անցավ ձայների չնչին առավելությամբՄոլդովայում ընտրություններ են ու Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեՆախընտրական հարցումները թեև կանխատեսում էին երկրորդ փուլ, սակայն ոչ նման բարձր արդյունքներ պրոռուսական գործիչների համար։ Այն, որ քվեարկությունը խառնել է խաղաքարտերը, ակնհայտ էր նաև Մայա Սանդուի արձագանքից. նա նախ հետաձգեց հրավիրած հետընտրական ասուլիսը, ապա ուշ գիշերին հայտնվեց լրագրողների առջև ընդամենը երկու րոպեով՝ ընթերցելու հայտարարությունը.
«Մոլդովան բախվում է աննախադեպ հարձակման մեր երկրի ազատության և ժողովրդավարության վրա, ինչպես այսօր, այնպես էլ վերջին ամիսներին։ Մեր ազգային շահերին թշնամաբար տրամադրված օտար ուժերի հետ համատեղ աշխատող հանցավոր խմբավորումները հարձակվել են մեր երկրի վրա տասնյակ միլիոնավոր եվրոներով, ստերով և քարոզչությամբ, օգտագործելով ամենախայտառակ միջոցները՝ մեր քաղաքացիներին և մեր երկիրը անորոշության ու անկայունության թակարդում պահելու համար։ Մենք հստակ ապացույցներ ունենք, որ այդ հանցավոր խմբերը մտադիր են եղել գնել 300 հազար ձայն»։
Անուններ Մայա Սանդուն չտվեց, հեռացավ՝ խոստանալով որոշում կայացրած վերադառնալ վերջնական արդյունքները հրապարակվելուց հետո և անպատասխան թողնելով լրագրողների հարցերը։
Գործող նախագահ Մայա Սանդուի հաղթանակը դժվարացնում է նաև Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեի պատկերը. այստեղ ևս, հակառակ կանխատեսումների, մեծ դժվարությամբ հաջողվեց հավաքել 50 տոկոս «այո»: Քվեները գրեթե հավասար են բաժանվել՝ 50,4 տոկոս «այո» և 49.6 տոկոս «ոչ»։
Շուրջ 1.5 միլիոն քվեից Մոլդովայի եվրոպական հեռանկարին կողմ արտահայտվածների թիվն ընդամենը 12 հազարով է ավելի «ոչ» ասողներից։ Ընդ որում, «այո»-ի հաղթանակի համար վճռորոշ եղան Մոլդովայից դուրս՝ արևմտյան երկրներում բացված ընտրական տեղամասերը սփյուռքի համար։ Հաշվի առնելով, որ նախագահի 11 թեկնածուներից միայն Մայա Սանդուն է պաշտպանում Եվրամիությանն անդամակցելու օրակարգը, արդեն հնչում են վերլուծություններ, որ հանրաքվեի այս պատկերը բացասական կազդի նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սանդուի հաղթանակի հնարավորության վրա։
Արդեն այսօր հանդես գալով ասուլիսներով՝ երկրորդ փուլ անցած թեկնածուները միմյանց մեղադրում էին ընտրակեղծիքների մեջ, հրավիրում բանավեճի։
Ալեքսանդր Ստոյանոգլոն Մոլդովայի նախկին նախագահ, Պուտինի մերձավոր Իգոր Դոդոնի կուսակիցն է, երկուսն էլ իրենց պաշտոնավարման օրոք չարաշահումների գործերով են անցնում։
Քիշնևը մեկ անգամ չէ, որ Մոսկվային մեղադրել է ընտրություններին միջամտելու փորձերի համար, քրեական գործեր կան հարուցված։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մոլդովայում, ըստ իրավապահների, պրոռուսական ուժերը հետընտրական անկարգություններ են նախապատրաստում