«Խաղաղության պայմանագիրը չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը». նախարարը՝ նոր Սահմանադրության մասին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան

Խաղաղությունը չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, թե ինչպիսի՞ն պետք է լինի Նոր Սահմանադրությունը, որ ունենա տարածաշրջանային նշանակություն, ասաց արդարադատության նախարարը։

«Խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող Սահմանադրության մասին է խոսքը», - ասաց Սրբուհի Գալյանը։

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ղեկավարող նախարարը նաև ընդգծեց, որ նոր Սահմանադրությունը չպետք է վտանգի խաղաղության պայմանագիրը՝ չպարզաբանելով, թե գործող Սամանադրությունն ինչպե՞ս է խոչընդոտում խաղաղությանը։

Մարտի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրության նոր տեքստը կունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բայց թե ինչպես է Հայաստանի նոր Սահմանադրությունը ազդելու տարածաշրջանի վրա, Փաշինյանը չմանրամասնեց:

Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են։ Հայաստանի արտգործնախարարությունն էլ հաստատեց ու վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ։

Չնայած վերոնշյալ հայտարարություններին Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։

Բաքուն, մասնավորապես, պահանջում է Հայաստանի Սահմանադրությունից հեռացնել հղումը Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակում կա Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին: Բաքուն այն իր երկրի նկատմամբ տարածքային պահանջ է համարում։ Երևանը բազմիցս հայտարարել է, որ տարածքային պահանջներ չունի հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ:

Փետրվարի վերջին Փաշինյանն ուղերձով ազդարարեց համաժողովրդական հանրաքվեի անհրաժեշտության մասին՝ նշելով, թե էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ «գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված նախկին բոլոր հանրաքվեներն առնվազն հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս»։ Գործադիրի ղեկավարը հանրաքվեի համար հստակ ժամկետ չնշեց: Մեկ օր անց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց, որ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մինչ 2026 թվականի ընտրությունները և, ամենայն հավանականությամբ, հանրաքվեի կդրվի ընտրություններից հետո՝ չբացառելով, որ նոր Սահմանադրության նախաբանից հանվի Անկախության հռչակագրի հղումը: Հայաստանյան ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել «Ալիևի պահանջած հանրաքվեն»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը խոսում է նոր Սահմանադրության տարածաշրջանային նշանակության մասին, Բաքուն պահանջում՝ «ջնջել» Անկախության հռչակագրի հղումը



Տե՛ս նաև այստեղ