Քերրին մտադիր է այցելել հինգ երկիր և բացատրել Իրանի գործարքի էությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այսօրվանից սկսած հինգ երկիր է այցելելու՝ նպատակ ունենալով ամրապնդել տնտեսական ու անվտանգային կապերը և մեղմել Իրանի միջուկային ծրագրի գործարքի հետ կապված մտահոգությունները:

Նպատակ ունենալով ամրապնդել կապերը դաշնակիցների հետ՝ ԱՄՆ-ի պետքարտուղարը Եգիպտոսում ու Քաթարում կհանդիպի իր պաշտոնակիցներին:

Պետքարտուղարի այցը Եգիպտոս տեղի կունենա երկու երկրների միջև առկա լարվածության վերացմանը ուղղված ջանքերի ժամանակաշրջանում: Լարվածությունը պայմանավորված է իսլամիստ նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի կողմնակիցների դեմ Եգիպտոսի իշխանությունների կողմից իրականացվող ճնշումներով: Երկու երկրները ռազմավարական երկխոսություն կվարեն՝ կենտրոնանալով քաղաքական, տնտեսական ու անվտանգության հարցերի վրա:

Վաշինգտոնում գործող միջազգային խաղաղության հարցերով Քարնեգի հիմնադրամի աշխատակից Միշել Դյունի խոսքով, Եգիպտոսում Քերրիի համար իրական փորձություն է լինելու՝ ինչպես քննարկել տարածաշրջանային իրադրությունը, պայքարը ահաբեկչության դեմ, Եգիպտոսում առկա իրավիճակը և ինչպես համատեղել դրանք՝ հաշվի առնելով Մուրսիի կողմնակիցների իսլամիստական հայացքները:

Քաթարում Քերրին կհանդիպի Ծոցի համագործակցության խորհրդի անդամների հետ։ Վերջիններս, ինչպես ԱՄՆ-ի օրենսդիրները, մտահոգություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Ամերիկացի կոնգրեսական, հանրապետական Թոմ Մարինոն Թեհրանի հետ կնքված գործարքի արդյունքներից մտահոգվածների շարքում է: «Մենք ունենք ամերիկյան քաղաքացիներին աղետից պաշտպանելու իրավունք։ Այս երկիրը [Իրանը] ձեռք է բերում միջուկային կարողություններ: Իսկ պատժամիջոցներն իրենց արդյունքը տվել են, աշխատում են», - ասում է Մարինոն:

Որոշ վերլուծաբաններ, ինչպես Դանիել Սերվերը Ջոն Հոփքինս համալսարանից, հակված են համարելու, որ այս միջուկային գործարքը կարող է ի նպաստ լինել Պարսից ծոցի երկրներին: «Ավելի լավ է, որ Իրանը 10-15 տարի հեռու մնա միջուկային զենք արտադրելու հնարավորությունից, քան որևէ գործարք չկնքվեր», - ասում է Սերվերը: Նա համոզված չէ, որ Քերրիին կհաջողվի փարատել Պարսից ծոցի դաշնակիցների մտահոգությունները, որոնք վախենում են, որ այդ գործարքը ավելի կապակայունացնի տարածաշրջանը: