Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը, կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։

Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության՝ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն մոլորակի ամենասուր ճգնաժամերը, գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր, խնդիրներ քաղաքականության և անվտանգության, տնտեսության և ֆինանսների, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև նոր պետությունների ընդգրկումը BRICS-ի աշխատանքներում։

Հինգ երկրների՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսել։

Սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել BRICS-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը BRICS-ին միանալու պաշտոնական հայտ է ներկայացրել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել. Bloomberg

Ակնկալվում է, որ ընդհանուր առմամբ այս գագաթնաժողովին կմասնակցի 36 երկիր և 6 միջազգային կազմակերպություն, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Կազմակերպությունն ունի կայուն և հուսալի հեռանկարներ», - գագաթնաժողովից առաջ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ շեշտելով․ - «Մենք իսկապես ունենք ընդհանուր արժեքներ, պատկերացում, թե ինչպես կառուցել հարաբերություններ միմյանց հետ»։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Պուտինի օրակարգը խիտ է, շուրջ 15 երկկողմ հանդիպում է նախատեսված։

Միջոցառումները կմեկնարկեն այսօր երեկոյան Կազանի քաղաքապետարանում՝ ընկերական ընթրիքով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մի՛ վարեք ժանգոտ մեքենաներ, աշխատե՛ք հեռավար». Կազանում BRICS-ին ընդառաջ սահմանափակումներ են մտցվում