Կաթողիկոսը կոչ է անում միջազգային հանրությանը զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները

Մայր Աթոռի բացօթյա խորանում այսօր տեղի ունեցավ մյուռոնի օրհնության արարողությունը, որը պետք է անցած տարի տեղի ունենար, սակայն Արցախի հայաթափման պատճառով հետաձգվել էր, և նախորդում է Մայր տաճարի վերաօծման արարողությանը: Կաթողիկոսն անցկացրեց մյուռոնի օրհնության արարողությունը:

Գարեգին Բ-ն կոչ արեց միջազգային հանրությանը, Հայ առաքելական եկեղեցու քույր եկեղեցիներին զսպել Ադրբեջանին և փորձեն վերադարձնել այնտեղ բանտարկված Արցախի բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին: Նա նաև շեշտեց, որ պետք է ճնշել Բաքվի ծավալապաշտական նկրտումները, այնպես անել, որպեսզի Ադրբեջանին վերադարձնի Հայաստանի ինքնիշխան տարածքից զավթված հատվածները, ինչպես նաև ուշադրություն դարձվի Արցախի հայկական ժառանգության պահպանմանը, արցախահայության իրավունքներին:

«Վերստին դիմում ենք միջազգային հանրությանը և մեր քույր եկեղեցիներին, որպեսզի ազդու միջոցներ գործադրվեն, զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ուժի դիրքերից ներկայացվող նորանոր պահանջները, ինչպես և վերադարձնելու Հայաստանից զավթված սահմանամերձ տարածքները պաշտպանելու բռնի տեղահանված արցախահայության ոտնահարված իրավունքները, ազատ արձակելու գերեվարված հայորդիներին և յուրացումից ու ոչնչացումից փրկելու Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգությունը», - հայտարարեց կաթողիկոսը:

Վերջին օրերին ամենաքննարկվող թեման էր արդյոք իշխանության ներկայացուցիչը կմասնակցեն Մայր աթոռի միջոցառումներն այսօր և վաղը: Այսօր հայտնի դարձավ, որ իշխանության մի մասը մասնակցել է մյուռոնի օրհնության արարողությանը, մասնավորապես, Էջմիածնում էին Ազգային ժողովի երկու փոխնախագահները՝ Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը և իշխող խմբակցությունից պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վլադիմիր Վարդանյանը, նաև կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն էր ներկա:

Այսօր Էջմիածնում էին նաև ընդդիմության ներկայացուցիչները, նաև նախկին իշխանության անդամներ: Այնտեղ էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, գործարարներ, օտարերկրյա բազմաթիվ հյուրեր կային, այդ թվում՝ դեսպաններ:

Կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ վարչապետը մասնակցելու է վաղվա միջոցառմանը, թե՝ ոչ: Մայր Աթոռից հայտարարել են, որ հրավեր ուղարկել են իշխանության ներկայացուցիչներին:

Դեռ միայն նախագահականից են պաշտոնապես հաստատում նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությունը վաղը Էջմիածնի մայր տաճարի վերաօծման արարողությանը:

Այսօրվա արարողությանը Գարեգին երկրորդը իշխանությունն ուղղված քննադատական կոչեր չհնչեցրեց: