Կարծում եք՝ ձեռքերս ծալած պիտի նստեմ և աղոթե՞մ․ Լուկաշենկոն սպառնում է ընդդիմությանը

Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնում է արգելափակել համացանցը, եթե ընդդիմությունը գալիք նախագահական ընտրությունների ընթացքում կամ դրանից հետո կրկին փողոցային պայքարի դուրս գա։

Ելույթ ունենալով Մինսկի պետական լեզվաբանական համալսարանում՝ Լուկաշենկոն պաշտպանել է անցած տարիներին ինտերնետը սահմանափակելու իր որոշումները և նախազգուշացրել այլախոհությունը զսպելու ապագա միջոցների մասին։

«Կրկնվելու դեպքում մենք ամբողջությամբ կփակենք: Կարծում եք՝ ես ձեռքերս ծալած պիտի նստեմ և աղոթե՞մ», - BelTA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Բելառուսի առաջնորդը և պնդել, որ 2020 թվականի հետընտրական զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ինտերնետի արգելափակման որոշումը կայացվել է «երկիրը պաշտպանելու» անհրաժեշտությունից ելնելով։

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները նշանակված են առաջիկա հունվարի 26-ին։