Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքում գրել է՝ ուզում է առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից և հայտարարել ԲԴԽ նախագահությունից ու անդամությունից հրաժարվելու մասին:
«Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից», - տեղեկացրել է 2022-ի հոկտեմբերից ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Անդրեասյանը՝ շեշտելով՝ առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չի ցանկանում նշել։
«Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ», - գրել է ԲԴԽ նախագահը՝ շարունակելով․ - «Գնում եմ առանց սկանդալի, մաղձի ու հիասթափության և այս թունավոր պաշտոնում` ամենաերկարը դիմացած: Անկեղծ հավատում եմ ուժեղ Հայաստանում արդար դատարան ունենալու վաղվա տեսլականին: Տարբեր կարգավիճակներում կշարունակեմ աջակցել այդ մեծագույն երազանքին»:
Երեկ հայաստանյան լրատվամիջոցները հայտնեցին մի շարք պաշտոնանկությունների մասին։ Մասնավորապես, հաղորդվում է, որ աշխատանքից ազատվել են կամ առաջիկայում պաշտոնները կլքեն ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Կառավարությունից չեն արձագանքում այս հրապարակումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունից չեն արձագանքում պաշտոնանկությունների մասին լուրերին