Հայաստանի պետական օրհներգը խմբագրելու Ազգային ժողովի նախագահի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը կառավարությունն այսօր ընդունեց:
Նրանք առաջարկել էին «կարգավորել ՀՀ օրհներգի, ինչպես նաև օրհներգի կատարման հետ կապված որոշ հարաբերություններ»:
Նախատեսվում է օրհներգի երկրորդ և չորրորդ քառատողերը տեղափոխել ու այն եզրափակել այս նախադասությամբ՝ «Նայիր նրան երեք գույնով, նվիրական մեկ նշան, թող փողփողի թշնամու դեմ, թող միշտ պանծա Հայաստան»:
«Հիմնի դինամիկա ստեղծելու նպատակով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում՝ այն վերադասավորելով պետական քաղաքականության տրամաբանությամբ՝ արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, Հայաստանի դրոշն ու պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով հաջորդականությունը», - ասաց ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Դանիել Դանիելյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թող միշտ պանծա Հայաստան». ԱԺ նախագահն ու թիմակիցները օրհներգի այս ավարտն են առաջարկումՎարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ինքն անձամբ մասնակցել է «այս նախագծի ձևավորման քաղաքական մասին»՝ շեշտելով, թե սա շատ կարևոր օրենսդրական նախագիծ է համարում:
«Մենք որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում, օրինակ, գինուն, ջրին, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն և ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին, որովհետև յություբում հազար հատ օրհներգ կա: Մտնում ես, գրում ես Հայաստանի օրհներգ, enter ես տալիս և օրհներգը հնչում է։ Եվ իմ անձնական փորձը էն ա եղել, որ երբեք որևէ մեկը չի իրան հարց տվել՝ լսեք, բա ինչ օրհներգ ա հնչելու, ոնց ա հնչելու էդ օրհներգը, և էսպես շարունակ», - ասաց երկրի ղեկավարը:
Կառավարության ընդունած նախագծով սահմանվեց օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ՝ Հայաստանում և արտերկրում պաշտոնական ու այլ տարաբնույթ միջոցառումների համար:
Նիկոլ Փաշինյանն ասաց՝ արդեն հանձնարարական է տվել, որ իր մասնակցությամբ միջոցառումներին օրհներգը հնչի բացառապես «կենդանի կատարմամբ և որոշակի որակական ստանդարտին համապատասխան»:
Եթե մինչ այժմ օրհներգի կատարումը պարտադիր էր դպրոցներում և բուհերում, ապա այն պարտադիր կդառնա նաև քոլեջներում և մանկապարտեզներում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օրհներգի նոր տեքստն առանց օրենքի փոփոխության արդեն հնչել է պաշտոնական միջոցառումների ժամանակ