Կառավարության նիստի ժամանակ (2023թ. նոյեմբերին) էլեկտրամատակարարման կարճատև ընդհատման պատճառը Բարձրավոլտ էլեկտրացանցերում կատարվող շինաշխատանքներն էին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։ Նա նշեց, որ դա ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս է եղել։
Օգոստոսի 7-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ հոսանքի անջատման խնդիրը, Կարեն Դարբինյանի խոսքով, տեղի տրանֆորմատորի թերության հետ է կապված եղել։ Նրա ներկայացմամբ՝ մասնագետներն այդ մասին ավելի վաղ հայտնել էին թատրոնի աշխատակիցներին։
ՀԷՑ-ի պաշտոնյան էլ հայտնեց, որ կառույցը նախատեսում է Հայաստանում մալուխների թարմացում ու ենթակայանների կառուցում/վերակառուցում: Դա, ըստ նրա, 98 տոկոս հուսալիություն կտա։
Էլցանցերում չեն բացառում, որ այդ ընթացքում էլ հոսանքազրկումներ կարող են լինել, բայց ասում են՝ միակ ելքը դա է: Հայտնեցին նաև, որ 10 օրից սկսում են Երևանի կենտրոնի մալուխներն ամբողջությամբ փոխել։ Դա 2-3 տարի կտևի։
Հոսանքազրկումների մասին քննադատությունների ֆոնին՝ տնօրենների խորհրդի նախագահը նաև ասաց, որ վթարների մոտ 34 տոկոսը տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման պատճառով. «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում։
Որևէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում վթարներ չեն լինում, դրանք կան, և մենք էլ դրանց քանակից գոհ չենք։ Մենք բաշխիչ ցանցն ընդունել ենք 80 տոկոսից ավելի բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում, ներդրումներ չեն կատարվել 90-ականներից մինչև 2015 թիվը»։
Ըստ ՀԷՑ-ի՝ վերջին 3 տարում Երևանում 68 հազար բաժանորդ է ավելացել, մինչև 2025 թվական այս թիվը կդառնա 77 հազար: Սրանք նոր կառուցվող շենքերի բաժանորդներն են։
Ավելի մանրամասն՝ այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամովԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հենց իմ վարիացիայի ժամանակ անջատվեց. հոսանքի տատանումներն Օպերայում ներկայացում տապալեցին