«Կապ չունեմ այդ բիզնեսի հետ, իմ հորեղբայրն է». սոցապնախարարը՝ չարաշահումներ արած ռեստորանի մասին   

Սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հաստատում է՝ ռեստորանային համալիրը, որտեղ հարկային չարաշահումներ են հայտնաբերվել, պատկանում է իր հորեղբորը՝ Տիգրան Մկրտչյանին, բայց և պնդում է՝ ինքը չարաշահումներից տեղյակ չէ։

«Ընդհանրապես կապ չունեմ այդ բիզնեսի հետ, իմ հորեղբայրն է», - ասաց նա։

«Բայց, դա իմ խնդիրը չէ… դա ինքը… իմ ընտանիքը շատ ավելի մեծ է, և իմ ընտանիքի շատ անդամների դուք կարող եք տեսնել, հետևաբար յուրաքանչյուր մարդ իր գործունեության համար է պատասխան տալիս»,- հավելեց նախարարը։

«Ազատության» հարցին, թե այստեղ դրվում է քաղաքական պատասխանատվության հարց, նախարարն արձագանքեց. - «Հայաստանում չկա արտոնյալ մարդ՝ կլինի սոցապնախարար, կլինի էկոնոմիկայի նախարար, ցանկացած աստիճանի պաշտոնյան, բոլորն օրենքի առաջ հավասար են։ Կլինի որևէ չարաշահում, կլինի համապատասխան գնահատական, բոլորը պետք է պատասխան տան»։

Ճշտմանը՝ դատապարտո՞ւմ է այդ չարաշահումները, Նարեկ Մկրտչյանն ասաց. - «Ես տեղյակ չեմ այդ ամենի ինչի մասին, ես ծանոթացել եմ լրատվականներից»։

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով լրատվամիջոցների հարցադրումները, երեկ հաղորդագրություն տարածեց, տեղեկացնելով, որ «Լիաննա գարդեն հոլ» ռեստորանային համալիրում դեռևս անցած տարի իրականացված ստուգումների ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերել, որ առկա է շուրջ 100 մլն դրամի ստվերային շրջանառություն։

«Միաժամանակ պարզվել է նաև, որ ռեստորանային համալիրն իր վարձու աշխատողներին վճարվող աշխատավարձի չափը 4 մլն դրամի չափով պակաս է արտացոլել և ներկայացրել հարկային մարմնին ներկայացվող հարկային հաշվարկներում», - հաղորդել էր կոմիտեն։

Ըստ ՊԵԿ-ի՝ ռեստորանի սեփականատեր «Վանատամ» ՍՊԸ-ի մոտ ընդհանուր առմամբ առաջացել է ավելի քան 5 միլիոն դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։

ՊԵԿ-ից այսօր «Ազատությանը» պարզաբանեցին՝ 100 միլիոն ստվերային շրջանառությունից բխող հարկը 5 միլիոն է կազմել, որն էլ ընկերությունն ամբողջությամբ վճարել է պետությանը։

Կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Վանատամ» ՍՊԸ -ի 100 տոկոսի բաժնետերը 2005-2018 թվականներին եղել է նախարար Նարեկ Մկրտչյանի հայրը՝ Արշակ Մկրտչյանը։ 2020-ից հետո 100 տոկոսի բաժնետեր է դարձել Տիգրան Մկրտչյանը, որը նախարարի հորեղբայրն է։

Սոցապնախարարի ընտանիքին պատկանող ռեստորանում արձանագրված հարկային չարաշահումների վերաբերյալ հարցին երեկ խորհրդարանում անդրադարձավ նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ վստահեցնելով, թե ստուգումների ժամանակ իրենց բացարձակապես չի հետաքրքրում, թե որ ընկերությունն ում հետ կապ ունի. - «Բացառված է՝ եթե իրավախախտում հայտնաբերվի, ոչ մի բան չարվի»։

Վարչապետ Փաշինյանը պարբերաբար է քարոզում հարկ վճարելու կարևորությունը՝ խոնարհվելով հարկատուների առջև։

Արդյոք պաշտոնյաների՝ հարկերից խուսափող մերձավորների հարցը քննարկման առարկա դառնում է իշխող ուժի ներսում, ՔՊ-ից այսօր հրաժարվեցին մեկնաբանել։