Թուրքիա արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։
Լրագրողն X-ի իր էջում գրել է, որ Թուրքիա էր մեկնել Երևանից՝ զբոսաշրջության նապատակով, սակայն Ստամբուլի օդանավակայանում իրեն բերման են ենթարկել և տեղեկացրել, որ գտնվում է «սև ցուցակում»։
Հաուերն ասում է, որ 16 ժամ անց իրեն օդանավակայնից հետ են ուղարկել Հայաստան։
«Ես ոչ մի հանցանք չեմ գործել», - հայտարարել է լրագրողը՝ նշելով, որ կբողոքարկի մուտքի այս արգելքը։
Հաուերը Թուրքիայի այս քայլը կապել է իր լրագրողական գործունեության հետ՝ չբացառելով, որ այն իրագործված լինի Բաքվի պահանջով։
«Ես հազվադեպ եմ հաղորդում Թուրքիայի մասին, չեմ անդրադառնում քրդական կամ գյուլենական հարցերի, որովհետև արտասահմանցի լրագրողներն այնտեղ խնդիրներ են ունենում: Ես կասկածներ ունեմ, որ այս արգելքը կատարվել է Ադրբեջանի խնդրանքով կամ առնվազն ներգրավվածությամբ։ Ես լայնորեն լուսաբանել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության և Ալիևի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումների մասին», - X-ում գրել է լրագրողը։
Պաշտոնական Անկարան ու Բաքուն չեն արձագանքել լրագրողի հայտարարություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն, գրում են, թե «Հաուերը հայտնի է Ղարաբաղյան երկրորդ պատերազմին վերաբերող իր միակողմանի հրապարակումներով։ Նրա նյութերը, որպես կանոն, ողողված էին Ադրբեջանին ուղղված մեղադրանքներով՝ անտեսելով հայկական կողմի օկուպացիոն քաղաքականությունը»։
2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրախորհրդի կոմիտեն Բաքվին կոչ է անում պայմաններ ստեղծել Արցախից տեղահանվածների վերադարձի համար