Կալանավորվել են Ջրաշենի վարչական ղեկավարն ու Սպիտակի դատարանի դատավորի օգնականը

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի վարչական ղեկավարն ու Սպիտակի դատարանի դատավորի օգնականը կալանավորվել են՝ նույն վարույթի շրջանակներում։

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում, բայց չի հայտնում, թե ինչի համար են փակի տակ այս պաշտոնյաները, միայն նշում են՝ կաշառքի գործ է։

«Ազատության»-ը հաջողվել է պարզել, որ Ջրաշենի վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանը ենթադրաբար կաշառք է տվել դատավորի օգնական Արկադի Հարությունյանին գյուղի հողատարածքը սեփականացնելու դատական վեճն իր ընտանիքի օգտին լուծելու երաշխիքի դիմաց։ Դատավորի օգնականն օժանդակել է կաշառք ստանալուն։

Հնարավոր չեղավ պարզել՝ այդ ի՞նչ արժեքավոր հողատարածք է եղել, որ հանուն դրա վարչական ղեկավարը փորձել է կաշառել դատարանին։ Գյուղում նախընտրում են այս պատմության մասին լռել։

Կալանավորված վարչական ղեկավարի հայրը՝ դեռ օրեր առաջ խոստացել էր՝ որդու հետ տեսակցության գնա, տեսախցիկի առաջ կխոսի։ Տեսակցությունը եղավ, թե՝ ոչ, հայտնի չէ, բայց դրանից հետո այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։ Ավելի վաղ հաստատել էր, որ որդու ձերբակալության օրն իրեն էլ են բերման ենթարկել, քննիչները հարցեր են տվել՝ արդյոք կաշառքի համար նախատեսված գումարն ի՞նքն է որդուն տվել։ Ասաց՝ հերքել է, ոչնչից տեղյակ չէ։

«Չի եղել նման բան, ես ի՞նչ ասեի: Ես տեղեկություն չունեմ», - ասաց նա:

Արթուր Եղիազարյանը կցկտուր տեղեկություն տվեց, թե մեղադրանքում մոտ 8 միլիոն դրամի կաշառքի մասին է խոսք գնում:

Ջրաշենի վարչական ղեկավարն ու Սպիտակի դատարանի դատավորի օգնականը մտերիմ ընկերներ են

Դարձյալ «Ազատության» տեղեկություններով երկու կալանավորվածները՝ Ջրաշենի վարչական ղեկավարն ու Սպիտակի դատարանի դատավորի օգնականը, մտերիմ ընկերներ են։

Արմեն Եղիազարյանը, որ «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի խորհրդի անդամ է, վարչական ղեկավար է նշանակվել 2021 թվականին՝ Սպիտակի խոշորացումից հետո։

18-ի հեղափոխությունից հետո այս գյուղը երկու մասի էր բաժանվել։ Ցույցերին մասնակցում էր նաև այժմ կալանավորված վարչական ղեկավար Արմեն Եղիազարյանի ընտանիքը։ 20 տարի գյուղը ղեկավարած Վահան Ուռուսյանին մեղադրում էին 3600 բնակիչ ունեցող գյուղը թալանելու, հողատարածքներ, շենք-շինություններ իր ընտանիքի սեփականությունը դարձնելու մեջ։

Գյուղում իշխանափոխությունից հետո այլևս դժգոհություններ չկային։ Այն ժամանակ չարաշահումների մասին խոսող բնակիչներն այսօր ձայն չեն հանում։ Կտրականապես հրաժարվում են հարցազրույցներից։

Ինչ վերաբերում է կալանավորված դատավորի օգնականին, նա էլ հարևան Հարթագյուղը 34 տարի ղեկավարած նախկին գյուղապետ Անդրանիկ Հարությունյանի որդին է։ Այս գյուղում էլ հեղափոխությունից հետո քննադատությունով իշխանափոխություն եղավ։ Նախկին գյուղապետին մեղադրում էին, որ Հարթագյուղի համայնքային ունեցվածքն իրենով է արել։ Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։

Դատական գործերի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախկին գյուղապետը, լինելով աճուրդային հանձնաժողովի նախագահ, համայնքային հողատարածքը աճուրդի է հանել ու վաճառել միակ մասնակցին՝ իր որդուն՝ Արկադի Հարությունյանին, որ այժմ կալանավորված է մեկ այլ կոռուպցիոն գործով՝ արդեն որպես դատավորի օգնական։

Դատաքննության ընթացքում նախկին գյուղապետը հատուցել է համայնքին պատճառած ավելի քան մեկ միլիոն դրամի վնասը։ Դատարանի սահմանած պատիժն ընդամենը 200 հազար դրամ տուգանքն է եղել։