Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն է պետք «հիմա»՝ ինքնապաշտպանության համար, այլ ոչ թե հաջորդ տարի, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Բրյուսելում՝ լրագրողների հետ ճեպազրույցում Բորելն ասել է, որ վերջին երկու օրերին «սարսափելի» իրադարձություններ են տեղի ունեցել Գազայի հատվածում և Ուկրաինայում։
Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ արտգործնախարար Կուլեբան կրկին խոսել է Ուկրաինային Patriot համակարգեր մատակարարելու անհրաժեշտության մասին՝ ռուսական օդային հարձակումներն ու հրթիռային հարձակումները կանխելու համար։
Բորելն ընդգծել է, որ եվրոպական քաղաքական շրջանակներում աճող ակտիվությամբ քննարկվում է սահմանափակումների վերացման և Կիևին ռուսական զորքերի դեմ արևմտյան զենքի ավելի լայն կիրառման իրավունք տալու թեման։
Շվեյցարիայում շուտով կայանալիք Ուկրաինայի հարցով միջազգային համաժողովի վերաբերյալ եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն առաջարկում է մի կողմից խաղաղ բանակցություններ սկսել, մյուս կողմից հարվածում է Խարկովին։ Բորելը հայտարարել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով առաջիկա գագաթնաժողովին իր ամուր աջակցության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Զելենսկին այցելել է Խարկով, հանդես եկել լրացուցիչ օգնության նոր խնդրանքով