Բեյրութի հարավային արվարձաններում, միջազգային օդանավակայանին հարակից տարածքներում անցած գիշերը ուժեղ պայթյուններ են որոտացել։ «Ֆրանս Պրես»-ը հաղորդում է, որ Իսրայելը առնվազն 11 հարված է հասցրել «Հեզբոլա» խմբավորման օբյեկտներին։
«Հեզբոլա»-ն զինված խմբավորում է և քաղաքական կուսակցություն, որը վերահսկում է հարավային Լիբանանի մեծ մասը: Այն ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ հնարավոր է թիրախավորվել անցյալ շաբաթ օրը սպանված խմբավորման առաջնորդի զարմիկ և նրա հավանական իրավահաջորդ՝ Հաշիմ Սաֆի ադ-Դինը։ 2017 թվականին ԱՄՆ պետդեպարտամենտը նրան ներառել էր հետախուզվող ահաբեկիչների ցանկում։ Հաշիմ Սաֆի ադ-Դինի տղայի կինը 2020-ին ամերիկացիների հարվածից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի աղջիկն է։
Իսրայելի բանակը Լիբանանի հարավի բնակիչներին կոչ էր արել հեռանալ դեպի հյուսիս, քանի որ նրանք գտնվում են «Հեզբոլա»-ի օբյեկտների մոտ, որոնք ենթակա են հարձակման։
Տասնյակ հազարավոր մարդիկ փորձում են հեռանալ Լիբանանից, հիմնականում դեպի Սիրիա, բայց երկու երկրները կապող գլխավոր ճանապարհը իսրայելական ավիահարվածերի հետևանքով խիստ վնասվել է։